«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները որոշել են կոշտ ձեւով ու ճնշումներով հաշիվներ մաքրել Գյումրու ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած «Բալասանյան» դաշինքի հետ: Թեեւ այդ դաշինքը ՔՊ-ի հետ կոալիցիոն հուշագրով իշխում էր Գյումրիում, սակայն օրեր առաջ ՔՊ-ն հայտարարեց, որ Գյումրիում միակողմանի խզում է կոալիցիան «Բալասանյան» դաշինքի հետ։ Ըստ նրանց՝ պատճառը ստվերային կառավարումն է ու պայմանավորվածությունների խախտումը:

Թե ինչ ստվերային կառավարում է իրականացվել, ՔՊ-ից այդպես էլ չեն հստակեցրել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանություններն այսքանով չեն սահմանափակվել, որոշել են ուժեղ ճնշումներ բանեցնել ու հաշիվներ մաքրել «Բալասանյան» դաշինքի ու նրա առաջնորդ Սամվել Բալասանյանի, նրա որդիների հետ: Բանը հասել է այնտեղ, որ իշխանությունները պաշտոնից հետ են կանչել Բալասանյանի ավագ որդուն՝ Իրաքում ՀՀ դեսպան Միսակ Բալասանյանին, որն այդ պաշտոնում նշանակվել էր այս ամռանը:

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք նաեւ ԱԳՆ, որտեղից հստակ պատասխան չստացանք։

«Դեսպանների հետկանչը կամ նշանակումն իրականացվում է ՀՀ նախագահի հրամանագրով, որի հրապարակման ժամանակ նաև ապահովվում է հանրային իրազեկում»,-ասացին արտաքին գերատեսչությունից: Այդպիսի իրազեկում, իհարկե, չի եղել, Բալասանյաններն էլ վստահեցրին, որ նման բան չկա, բայց Գյումրիից մեզ փոխանցում են, որ շուտով հայտնի կդառնա, որ Միսակ Բալասանյանին հետ են կանչել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում