Այս տարվա օգոստոսի 12-ին Երևանում՝ Կոմիտասի պողոտայում, ժողովրդին հայտնի «Հարկայինի» դիմաց ողբերգական ավտովթարի փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Ford Fusion-ի վարորդ Երևանի բնակիչ 37-ամյա Հրաչյա Մուշեղյանը ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Մուշեղյանը նախկինում աշխատել է իրավապահ համակարգում, այդ թվում՝ Հատուկ քննչական ծառայությունում, ապա ազատվել է ՀՔԾ-ից և զբաղվել փաստաբանական գործունեությամբ, ու ցավալին այն է, որ սույն պարոնը, ով քաջ ծանոթ եղել իրավապահ համակարգի նիստուկացին, գուցե վստահ լինելով իր կարողությունների վրա, խմած՝ ավտովթարի պատճառ է դարձել (ըստ տեղեկության՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, որը պարզվելու է, ու դարձել է ողբերգական ավտովթարի հեղինակ):

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, Ժամը 01․20-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Հարկայինի դիմաց», ճակատ ճակատի բախվել էին 37-ամյա Հրաչյա Մուշեղյանի վարած Ford Fusion մակնիշի և 54-ամյա Անդրանիկ Առաքելյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Volkswagen Golf-ի վարորդը տեղում մահացել էր։

Volkswagen-ի ուղևոր Նվարդ Կոճապանյանը քաղաքացիների օգնությամբ դուրս էր բերվել ավտոմեքենայից, բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն․ կնոջ առողջական վիճակը բժիշկները գնահատել էին ծանր։

Ford Fusion-ի վարորդը տեղափոխվել էր Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։