«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի հունվարի մեկից հաստատվել են ավտոկայանատեղիների կարմիր գծերի նոր գները, եւ տարեկան սպասարկման գինը 160 հազար դրամ է։ Ուսումնասիրելով հաստատված օրենքի նշված կետը՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դրանք ամենեւին էլ տարեկան վճարներ չեն: Եթե ավտոկայանման 1 տարվա համար ցանկանում եք վճարել, օրինակ, մարտի 1-ից, ապա ստիպված պետք է լինեք վճարել նույն 160 հազար դրամը։ Բացատրենք՝ ինչպես. օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուր ժամանակահատվածում կատարած վճար, որը ենթադրում է մեկ տարվա սպասարկում, գործում է ոչ թե մինչեւ հաջորդ տարվա նույն ժամանակահատվածը, այլ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը՝ ժամը 00:00-ն: Այսինքն՝ 6 ամսվա համար էլ, 12 ամսվա համար էլ նույն 160 հազար դրամը պետք է վճարի երեւանցին:

Ստացվում է, որ քաղաքացիները եթե վճարեն հունվարից կամ ավելի ուշ՝ մայիսից, հունիսից կամ սեպտեմբերից, միեւնույնն է, նույն 1 տարվա սպասարկման վճար է գանձվելու՝ 160 հազար դրամ, եւ այն ուժի մեջ կմնա մինչեւ դեկտեմբերի 31-ը։ Եղավ այնպես, որ կայանատեղիների վճարները ոչ թե Կենտրոնը բեռնաթափելու, այլ քաղաքային բյուջեն հարստացնելու եւ պարգեւավճարների ձեւով հեղափոխականների գրպաններ լցնելու համար են։ Այլ կերպ ասած՝ թալան՝ քաղաքացիների գրպանի հաշվին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: