Երեւանում նախորդ շաբաթ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ինքնակամ շինությունների իրականացման թվով 22 արձանագրություն է կազմվել: Այս մասին նշվեց այսօր՝ հունվարի 22-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայության վարչության պետ Արամ Գյուրզադյանը:
«Իրականացվել է թվով 10 ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ, դրանց թիվը նախորդ մեկ շաբաթվա համեմատ ավելացել է 3-ով: Ապամոնտաժվել են թվով 6 գովազդային վահանակներ»,- ասաց նա:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Ես ուզում եմ իմ մտահոգությունը հայտնել, որ մենք ունենք որոշ արձանագրումներ որոշ վարչական շրջաններում ինքնակամ շինությունների, որոնք չեն արձանագրվել հենց վարչական շրջանի աշխատակիցների կողմից: Քանակապես մի քիչ տարօրինակ թիվ ունեցել ենք Էրեբունիում: Ես զեկուցագիր եմ ստացել, խնդրեմ եմ այդ զեկուցագրի պատասխանի նկատմամբ ուշադիր լինել, մանրամասնորեն ամեն դեպքի հստակ բացատրությունը տրվի, թե ինչու է այդպես ստացվել: Անկեղծ ասած, քանակապես, ինձ մի քիչ տարօրինակ թվաց: Կամ մեբնք այդտեղ ունենք խնդիր հենց վարչական շրջանի ներսում, կամ միգուցե կա բացատրություն, որ դուք կտաք»: