Մեր օրակարգը խաղաղությունն է, և մենք գնում ենք այդ ճանապարհով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ Հայաստանն Արևմուտքի հորդորով իջեցրեց նշաձողը, Արցախը հայաթափվեց, բայց Ալիևն արևմտյան հովանու այդպես էլ չկնքեց խաղաղության պայմանագիրը։

«Ադրբեջանի հռչակած և իրական օրակարգերի միջև տարբերությունները մեզ մոտ էլ են անհանգստություններ առաջացնում, որոնք մենք բարձրացնում ենք բոլոր մակարդակներով»,- ասել է Կոնջորյանը։

Ռուսաստանի արտգործնախարարն օրեր առաջ հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստ է Մոսկվայում ստորագրել խաղաղության պայմանագիրը, սակայն Հայաստանը պատրաստ չէ դրան։ Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանը չի համաձայնվում կնքել խաղաղության պայմանագիրը Ռուսաստանի միջնորդությամբ, իշխող խմբակցության ղեկավարը պատասխանել է, որ դեռևս պայմանագրի համաձայնեցված տեքստ չկա։

«Հայաստանի համար առաջնայինը մեր շահերն են, ոչ թե բուն հարթակները»,- նշել է Կոնջորյանը։

Դիտարկմանը, որ համաձայնեցված տեքստ չունենալու պայմաններում Հայաստանը, այդուհանդերձ, ընդունել է արևմտյան հարթակներում բանակցելու միջնորդությունը, ինչով է այդ դեպքում պայմանավորված Մոսկվա չգնալը, Կոնջորյանը կրկին պնդել է, որ խնդիրը պայմանագրի որոշ կետերի շուրջ դեռևս պահպանվող տարաձայնություններն են։

«Այս պահին չկա պայմանագիր, որովհետև չկա համաձայնություն բոլոր հարցերի շուրջ, իսկ դրանից հետո բոլոր տեխնիկական ու հարթակների հետ կապված հարցերը երկրորդական են դառնում»,- նշել է Կոնջորյանը։

Արձագանքելով այն քննադատություններին, որ իշխանությունը, առաջնորդվելով Արցախը հանձնելու և դրա դիմաց խաղաղության պայմանագիր ստանալու հայեցակարգով, ձախողել է, Կոնջորյանը նշել է, որ իրենք նման կոնցեպտ չեն ունեցել։