ԱՄՆ Սենատը արարողակարգային քվեարկության ժամանակ մերժել է (49-ն ընդդեմ 50-ի) երկկուսակցական գործարքը (118 մլրդ դոլարի չափով)։ Այս մասին տեղեկացրել է NBC News հեռուստաալիքը։ Օրինագիծը, մասնավորապես, նախատեսում էր օգնության ցուցաբերում Ուկրաինային եւ Մեքսիկայի հետ սահմանի պահպանության ուժեղացում։

Ինչպես նշել է հեռուստաալիքը, հանրապետականները չեն աջակցել օրինագծին, քանի որ, ըստ նրանց, այն չի պարունակում բավականաչափ միջոցներ ԱՄՆ հարավային սահմանի ամրապնդման մասով։ Օրվա երկրորդ կեսին, ինչպես հեռուստաալիքին հայտնել է դեմոկրատների ներկայացուցիչը, վերին պալատում քվեարկվելու է Դեմոկրատական կուսակցության պատրաստած օրինագիծը Ուկրաինային եւ Իսրայելին օգնություն հատկացնելու մասին՝ առանց միգրացիոն հարցերի ներգրավման։

Երկկուսակցական գործարքը համատեղ մշակել են Սենատը եւ Սպիտակ տունը։ Այն ենթադրում է 20,23 մլրդ դոլարի հատկացում սահմանի պաշտպանությանը, 60,06 դոլար Ուկրաինայի, 14,1 մլրդ դոլար Իսրայելի եւ 4,83 դոլար Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների համար։