Բա եթե այդպիսի բան կար, ես ինչի՞ էի էլի վարչապետ առաջադրվում, իմ ժամկետն ավարտվել էր, կգնայի մեր տուն: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով տեսակետին, որ ինքը տեղյակ է եղել, որ պետք է Արցախի 7 շրջանները հանձնվեն, դրա համար հեշտությամբ զիջել է իշխանությունը:

Դիտարկմանը, որ հենց վարչապետի պաշտոնում իր առաջադրվելու պատճառով մեծ բողոքի ալիք առաջացավ, Սերժ Սարգսյանն ասաց. «Դրանից չի առաջացել: Ես հանգիստ կարող էի գնալ մեր տուն եւ իմ այդ որոշումը ոչ թե հօգուտ ինձ անձի է եղել, ես դրանով փորձել եմ այդ արհավաիրքը հեռացնել Հայաստանից, հայ ժողովրդից: բոլոր այն մարդիկ, որոնք պահանջել են իմ հրաժարականը, թող իրենք ասեն՝ դրանով ինչի՞ են հասել»:

Լրագրողների հիշեցմանը, որ ինքը նախապես հայտարարել էր, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին, սակայն վերջում առաջադրվեց այդ պաշտոնում 2018-ին, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ես չեմ ձգտել, ես դարձա վարչապետ, որպեսզի այս արհավիրքը Հայաստանից հեռացնեմ: Արցախյան հարցը ինձ դրդեց, որ ես վարչապետ դառնամ, ես տեսնում էի, որ արհավիրքը մոտ է»։

Ինչ վերաբերում է պնդմանը, որ եթե ինքը չառաջադրվեր վարչապետի պաշտոնում, հեղափոխություն չէր լինի, նա ասաց. «Որտեղի՞ց գիտես, բաժա՞կ ես նայել»: