ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Ռուսաստանից պահանջել է թույլ տալ Ալեքսեյ Նավալնիի մահվան «անկախ և թափանցիկ միջազգային հետաքննություն» իրականացնել՝ չնայած Մոսկվայի պնդումներին, որ դա Ռուսաստանի ներքին խնդիրն է։

«Ռուսաստանը պետք է թույլ տա, որ անկախ և թափանցիկ միջազգային հետաքննություն անցկացվի նրա (Նավալնիի – խմբ.) հանկարծակի մահվան հանգամանքների վերաբերյալ», – ասվում է Բորելի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵՄ խորհրդի կայքում՝ ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո:

Երկուշաբթի ավելի վաղ Ժոզեպ Բորելն առաջարկել էր վերանվանել գործող պատժամիջոցների ռեժիմը, որը ներառում է մարդու իրավունքների խախտման հետ կապված անձանց, և անվանել այն Ալեքսեյ Նավալնիի անունով, ինչպես նաև չի բացառել պատժամիջոցների սահմանումը Ռուսաստանի քրեակատարողական համակարգի ներկայացուցիչների նկատմամբ։