«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը կալանավորումից առաջ հարցազրույց է տվել ԼուրջCast-ի շրջանակներում ArmComedy-ի հաղորդավարներին եւ հայտարարություն է արել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսին գնացել է ՀՀ քննչական կոմիտե ու ասել է, որ անմեղ մարդիկ չպետք է նստեն, իսկ մեղավորները պետք է նստեն։

Ինչո՞ւ է Փաշինյանը գնացել կոմիտե եւ հրահանգ տվել նախաքննական մարմնին, որի իրավունքը չունի, ի՞նչ գիտի նա՝ ով է մեղավոր եւ ով մեղավոր չէ: Նախաքննությունը ինքը պետք է պարզի անձի մեղավոր կամ անմեղ լինելը. ինչո՞ւ է Փաշինյանը միջամտում քրեական գործերին։
Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ՀՀ կառավարությունից։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանին՝ հասկանալու համար, թե ինչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը օգոստոսին գնացել Քննչական կոմիտե եւ ինչ հրահանգ է տվել։ Ի պատասխան՝ նա հայտնեց, որ Վահան Քերոբյանի հայտարարությանը ծանոթ չէ, ու ինքը չէ, որ պետք է մեկնաբանի Վահան Քերոբյանի հայտարարությունը։ Իսկ, ահա, Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ վարչապետը օգոստոսին Քննչական կոմիտե չի եկել, այլ հոկտեմբերի 9-ին է այցելել, ինչի մասին իրենք պաշտոնական հաղորդագրություն տարածել են։

Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, եւ նա գտնվում է տնային կալանքի տակ:

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռք բերման մրցույթի ընթացքում կատարված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: