Գիտնականները պարզել են, որ պոտենցիալ բնակելի համարվող Trappist-1e մոլորակի մթնոլորտը քայքայվում է, գործընթաց, որն ի վերջո կարող է Trappist-1e-ն դարձնել կյանքի համար ոչ պիտանի: Նաև պարզվել է, որ մթնոլորտի քայքայումը պայմանավորված է էլեկտրական հոսանքներով, որոնք ստեղծվում են, երբ մոլորակը պտտվում է իր կարմիր գաճաճ աստղի շուրջը: Ուսումնասիրությունը հրապարակվել է Astrophysical Journal ամսագրում։

Սա նշանակալի հայտնագործություն է, քանի որ Trappist-1 համակարգը, որտեղ այս էկզոմոլորակը պտտվում է փոքր կարմիր գաճաճ աստղի շուրջը, այլ մոլորակներում կյանքի փնտրտուքի կամ կյանքի հնարավոր գոյատևման հիմնական թիրախներից մեկն է եղել: Այս համակարգի Երկրի նմանվող յոթ քարքարոտ մոլորակներից առնվազն երեքը գտնվում են բնակելի գոտում՝ աստղի շուրջը գտնվող մի շրջան, որը ո՛չ շատ տաք է, ո՛չ էլ շատ ցուրտ․ սա նպաստավոր պայմաններ կստեղծի հեղուկ ջրի պահպանման համար, ինչը կենսական նշանակություն ունի կյանքի գոյատևման համար։

Մթնոլորտ չունեցող մոլորակի վրա հեղուկ ջուրը չի կարող պահպանվել նույնիսկ եթե այն գտնվում է բնակելի գոտում: Սա ցույց է տալիս, որ չնայած Trappist-1e-ն կարող է լինել կարմիր թզուկ Trappist-1-ի բնակելի գոտում, որը գտնվում է Երկրից 40 լուսատարի հեռավորության վրա, նրա բնակելիությունը կարող է ժամանակավոր լինել: Trappist-1e-ի մթնոլորտի վրա ազդող նույն երևույթը կարող է ազդել նաև այս բնակելի գոտու մյուս մոլորակների մթնոլորտի վրա, ինչը վատ նորություն է այս համակարգում կյանք գտնելու հնարավորության առումով:

Trappist-1e-ն մոտավորապես Երկրի չափ է, սակայն ունի մեր մոլորակի զանգվածից մոտ 0,7 անգամ շատ զանգված: Այն իր աստղի շուրջ մեկ ամբողջական պտույտն անում է 6,1 երկրային օրվա ընթացքում և դրա ու իր աստղի միջև հեռավորությունը ընդամենը 0.028 անգամ է մեծ Երկրի և Արեգակի միջև ընկած հեռավորությունից:

Քանի որ Trappist-1-ը շատ ավելի փոքր և սառն է, քան արևը, նրա բնակելի գոտին շատ ավելի մոտ է իր մակերեսին՝ արևի բնակելի գոտու հետ համեմատած: Հետևաբար այս կարմիր թզուկի արձակած ճառագայթումը չէ, որ ոչնչացնում է TRAPPIST-1e-ի մթնոլորտը, այլ լիցքավորված մասնիկների քամին, որը գալիս է աստղից և կոչվում է «աստղային քամի»:

«Մենք հետևեցինք, թե ինչպես է փոխվում տիեզերական եղանակը մոլորակի ուղեծրով, երբ TRAPPIST-1e-ը շատ արագ անցնում է աստղային քամու շատ տարբեր պայմանների և ճնշումների միջով, ինչը հանգեցնում է մոլորակի մագնիսական դաշտի մի տեսակ իմպուլսային սեղմման և թուլացման»,- Space.com-ին ասել է Harvard & Smithsonian աստղաֆիզիկայի կենտրոնի անդամ, աստղաֆիզիկոս Սեսիլիա Գարաֆոն,- Սա էլեկտրական ուժեղ հոսանքներ է մղում մթնոլորտի վերին հատվածում՝ իոնոլորտում, որը տաքացնում է մթնոլորտը այնպես, ինչպես էլեկտրական ջեռուցիչը»:

Գարաֆոն բացատրել է, որ Երկիր մոլորակը նույնպես ենթարկվում է արեգակնային քամու տատանումներին, որոնք առաջացնում են մեր մոլորակի մթնոլորտի նմանատիպ տաքացում: Տարբերությունն այն է, որ TRAPPIST-1e-ի կողմից զգացվող տաքացումը մինչև 100,000 անգամ ավելի ուժեղ է, քան այն, ինչ Երկիրը զգում է արևային քամիների պայմաններում: Պարզապես Trappist-1e-ը շատ ավելի արագ է շարժվում իր աստղի շուրջը, և շարժումն առաջացնում է հզոր իոնոսֆերային հոսանքներ, որոնք ցրվում են և ստեղծում ծայրահեղ տաքացում։

«Դա կարող է այնքան ուժեղ լինել TRAPPIST-1e-ի համար, որ ջերմությունը, ըստ էության, գոլորշիացնի մթնոլորտի վերին մասը,- ասել է Գարաֆոն,- Միլիոնավոր տարիների ընթացքում մոլորակը կարող է ամբողջությամբ կորցնել իր մթնոլորտը այս երևույթի պատճառով»: