ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում մասնակցել է «Միջազգային առևտուր, կապեր և փոխկապակցվածություն» թեմայով պանելային քննարկմանը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որտեղ, մասնավորապես, նշել է․

«Փոխկապակցվածության, միջազգային առևտրի և տարանցման ընդլայնմանն ուղղված մեր ջանքերի մասին ընկալումն այն է, որ դա կհանգեցնի մարդկանց միջև շփումների ավելացմանը, փոխկապակցվածության և փոխադարձ կախվածության խորացմանը, շահավետ կլինի տնտեսական տեսանկյունից։ Լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր՝ Հայաստանում մենք ավելի լավ ենք հասկանում միջազգային առևտրի և կապերի կարևորությունը։

Մենք ոչ միայն դեպի ծով ելք չունենք, այլև առկա չորս հարևաններից միայն երկուսի հետ բաց սահման ունենք․ մյուս երկու հարևանների հետ մեր սահմանները փակ են շուրջ երեք տասնամյակ շարունակ, սակայն սա, կարծում եմ, այլ քննարկման թեմա է։ Այս քննարկման համար, կարծում եմ, բավական կլինի նշել, որ մենք բանակցում ենք մեր երկու հարևանների հետ հարաբերությունների հաստատման և սահմանների բացման շուրջ։

Ինչպես նշեցի, խնդիրն ունի երկու բաղադրիչ՝ տնտեսական և քաղաքական։ Մենք հավատում ենք, որ աճող փոխկախվածությունը շահավետ է ոչ միայն տնտեսական տեսակետից, այլև, ինչպես արդեն նշեցի, հանգեցնում է փոխկախվածության, որն իր հերթին մեծ գործոն է դառնում խաղաղության հասնելու ճանապարհին»։

Զարգացնելով տարածաշրջանային կապվածության թեման՝ նախարար Միրզոյանը հավելել է.

«Մենք հավատում ենք, որ մեր տարածաշրջանում սա կարող է որոշիչ դեր խաղալ, և ցանկանում ենք ներգրավված լինել տարածաշրջանային տարանցիկ ուղիներում, առևտրում և այլն։ Այդ նպատակով մենք մշակել ենք «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի վերնագրից արդեն դուք կարող եք հասկանալ, որ այն ոչ միայն տնտեսական բնույթի է կրում, այլ, ինչպես նշեցի, կարող է տարածաշրջանում պոտենցիալ խաղաղության հաստատման գրավական հանդիսանալ։

Մենք չորս անհրաժեշտ պայման ենք տեսնում այս ենթակառուցվածքների բացման համար, և ես հիմա կներկայացնեմ դրանք. հիմնված լինելով արդարացի դնդումների վրա, դրանք կարող են հիմք հանդիսանալ տարածաշրջանային ծրագրերի իրականացման համար։

Այսպիսով առաջին սկզբունքն այն է, որ ապաշրջափակվող ենթակառուցվածքները պետք է մնան այն պետության ինքնիշխանության ներքո, որի տարածքով դրանք անցնում։ Սա կարող է բնական թվալ, սակայն, երբ խոսքը գնում է մեր տարածաշրջանի մասին, մանրուքները կարևոր են։

Երկրորդ սկզբունքն այն է, որ բոլոր ենթակառուցվածքները պետք է գործեն պետությունների ազգային օրենսդրության համապատասխան։ Կցանկանայի նշել նաև այդ գործընթացների հնարավոր դյուրացման մասին. մենք ապրում ենք 21-րդ դարում, մենք պետք է դյուրացնենք գործընթացները։ Այսպիսով, եթե կա քաղաքական կամք, մենք միշտ էլ կարող ենք լուծումներ գտնել»։

Ամփոփելով իր խոսքը՝ նախարար Միրզոյանն ավելացրել է․

«Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Օրինակ, ես չեմ կարող իմ իրաքցի գործընկերոջից պահանջել օգտվել իր երկրի երկաթգծից՝ միևնույն ժամանակ մերժելով ցուցաբերել փոխադարձություն։ Այսպիսով, կան մանրամասներ, որոնց վրա կարող ենք միասին աշխատել, եթե կա քաղաքական կամք, և մենք՝ Հայաստանն, ավելի, քան պատրաստ ենք» :