Մարտի 20-ի հանրահավաքը որևէ առնչություն չունի արցախյան ու հայաստանյան քաղաքական ուժերի հետ: Այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Նա նշել է, որ հանրահավաքը կազմակերպվում է բացառապես Արցախի ժողովրդի կարիքների ապահովման հասարակական նախաձեռնության կողմից:

«Իսկ հանրահավաքի օրակարգը վերաբերում է բացառապես Արցախի ժողովրդի իրավունքներին ու առկա մարդասիրական կարիքներին և որևէ առնչություն չունի ՀՀ ներքաղաքական պայքարի հետ:

Հանրահավաքին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք, ով մտահոգ է Արցախի ժողովրդի ճակատագրով ու իրավունքների պաշտպանությամբ՝ անկախ կարգավիճակից, բնակության վայրից, քաղաքական հայացքներից և այլ հատկանիշներից:

Այլ նպատակներով չշահարկել և չմոլորեցնել մարդկանց:

Մարտի 20` ժամը 15:30, Երևանի Ազատության հրապարակ»,- գրել է Բեգլարյանը:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ տարաբնույթ ճնշումներ են նկատվում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնություն որոշ ակտիվ անդամների նկատմամբ: