Այն դինամիկան, որը մենք ունենք ՀՀ-ԵՄ հարաբերություններում կարելի է աննախադեպ որակել եւ այս ուղղություններով դրական զարգացումները թույլ կտան նաեւ առաջ շարժվել եւ ավելի հավակնոտ օրակարգերի մասին խոսել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է ՀՀ ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Հայաստանը ԵՄ անդամի թեկնածության հայտ ներկայացնելու է, թե՝ ոչ:

«Կարծում եմ՝ այս հայտարարությունը, որ ընդունվեց ԵԽ-ի կողմից, ուղիղ պատասխանն էր ամիսներ առաջ վարչապետի կողմից ԵԽ-ում ունեցած ելույթին, որով, ըստ էթության, ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ պատրաստ է խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ այնքան, որքան ԵՄ-ն ինքը հնարավոր կհամարի եւ մենք վերջին ամիսների ընթացքում տեսնում ենք, որ համագործակցության օրակարգը բավականին ընդլայնվել է եւ գիտենք, որ Հայաստանում շուրջ մեկ տարուց ավելի է տեղակայվել են ԵՄ մոնիթորինգային առաքելությունը: Այս պահին ընթանում են քննարկումներ ՀՀ եւ ԵՄ միջեւ վիզաների ազատականացման շուրջ, Եվրոպայի խաղաղության գործիքին ՀՀ հասանելիության վերաբերյալ, հայկական ապրանքների երոպական շուկա ավելի դյուրին մուտքի վերաբերյալ»,-ասել է նա:

Կոստանյանը նշեց, որ դեռեւս շուտ է խոսել այս հարցը խորհրդարանում քննարկելու մասին եւ անհրաժեշտ է հանրային քննարկումներ անցկացնել՝ հասկանալու համար թե դրական, թե բացասական կողմերը:

«Մեր ցանկացած որոշումները, ինքնիշխան որոշումները, որոնք որ կայացվելու են, դրանք կայացվելու են ՀՀ անկախությունը, ժողովրդավարությունը, ինքիշխանությունը, սուվերենությունը ամրապնդելու համար եւ սա չպետք է դիտարկել այս կամ այն աշխարհաքաղաքական բեւեռների հետ հակասությունների կոնտեքստում»,-ասել է նա: