Հայաստանն ու Ադրբեջանը ներառվել են Արևելյան Եվրոպայի (բացի Եվրամիության երկրներից), Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի՝ 2023-ին ստալկերային գրոհների ենթարկվածների թվով առաջատար 10 երկրների շարքը։ «Կասպերսկի» ընկերությունը հայտնում է, որ ընկերության մոբայլ պաշտպանական լուծումները Ադրբեջանում հայտնաբերել են 243 նման դեպք (5-րդ տեղ), Հայաստանում՝ 43-ը (9-րդ տեղ): 2022-ին Ադրբեջանում գրանցվել է 130 նման դեպք (5-րդ տեղ), Հայաստանում՝ 27 (10-րդ տեղ)։ Վրաստանն նշված տարիների ընթացքում այդ ցուցակում չի հայտնվել։

Kaspersky Security Network-ի տվյալներով՝ 2023-ին աշխարհում ամենաշատ տուժած երկրների եռյակում են Ռուսաստանը (9890), Բրազիլիան (4186) և Հնդկաստանը (2492): Իրանը նախորդ տարի մտել է առաջատարների հնգյակի մեջ և մնում է այնտեղ։ 2022-ի համեմատ տուժած երկրների թոփ 10-ը քիչ է փոխվել։ Մինչ Գերմանիան 7-րդից իջել է 10-րդ հորիզոնական, Սաուդյան Արաբիան (2022-ին զբաղեցնում էր 8-րդ տեղը) լքել է ցանկը։

Ընկերությունը պարզաբանում է, որ հետևելու ծրագրերը սովորաբար քողարկվում են որպես սմարթֆոնների, պլանշետների և համակարգիչների գողությունից պաշտպանվելու կամ ծնողական վերահսկողության օրինական ծրագրեր, բայց դրանք իրականում շատ տարբեր են: Սովորաբար տեղադրվելով առանց լրտեսվող անձի համաձայնության և իմացության՝ դրանք գրոհողին տրամադրում են զոհի կյանքի նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու միջոցներ։ Ստալկերային ԾԱ-ի հնարավորությունները տարբերվում են՝ կախված հավելվածից:

The State of Stalkerware-ը «Կասպերսկի» ընկերության ամենամյա զեկույցն է, որի նպատակն է ավելի լավ պատկերացում տալ աշխարհում թվային հետապնդումից տուժած մարդկանց թվի մասին։ Ընկերության տվյալներով՝ 2023-ին ամբողջ աշխարհում 31 031 եզակի օգտատեր Է տուժել ստալկերային ԾԱ-ից, ինչը գրեթե վեց տոկոսով (5,8%) ավելի է 2022-ին տուժած 29 312 օգտատերերի համեմատ: Թվերը հակադարձ են 2021-ի անկման միտմանը՝ հաստատելով, որ թվային հետապնդումը շարունակում է մնալ գլոբալ հիմնախնդիր:

Chart.png (30 KB)Դաժան վերաբերմունքի սպեկտրը բազմազան է. ամբողջ աշխարհում հարցվածների ավելի քան մեկ երրորդը (39%) հայտնել է ներկա կամ նախորդ զուգընկերոջ կողմից բռնության կամ անարգանքի դեպքերի մասին: Զեկույցի համար ամբողջ աշխարհում հարցվածների 23%-ը հայտնել է, որ բախվել է առցանց հետապնդման ինչ-որ ձևի այն մեկի կողմից, ում հետ վերջերս հանդիպել է: Բացի այդ, ընդհանուր առմամբ, 40%-ը հայտնել է, որ բախվել է հետապնդումների, կամ կասկածում է, որ հետապնդվում է:

Մյուս կողմից՝ 12%-ը խոստովանել է, որ պարամետրեր է տեղադրել կամ կարգավորել իր զուգընկերոջ հեռախոսում, մինչդեռ ինը տոկոսը խոստովանել է, որ ճնշում է գործադրել իր զուգընկերոջ վրա՝ լրտեսող ծրագրեր տեղադրելու համար: Այնուամենայնիվ, զուգընկերոջը առանց նրա իմացության հետևելու գաղափարը մարդկանց մեծամասնության կողմից հավանության չի արժանանում (54%), ինչն արտացոլում է գերակշռող կարծիքը նման վարքի դեմ:

Ինչ վերաբերում է զուգընկերոջ առցանց ակտիվության կամավոր դիտարկման նկատմամբ վերաբերմունքին, ապա հարցվածների 45%-ը դժգոհություն է հայտնում՝ ընդգծելով մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքների կարևորությունը: Եվ հակառակը, 27%-ը լիակատար թափանցիկություն է պահպանում հարաբերություններում՝ երկկողմ համաձայնությամբ դիտարկումը համարելով տեղին, մինչդեռ 12%-ը դա ընդունելի է համարում միայն փոխադարձ համաձայնության հասնելու դեպքում:

«Այս արդյունքները ընդգծում են այն փխրուն հավասարակշռությունը, որը մարդիկ պահպանում են մտերմության և անձնական տեղեկատվության պաշտպանության միջև: Դրական է դիտարկել աճող զգուշությունը, հատկապես գաղտնի տվյալների հետ կապված, ինչպիսին է սարքի գաղտնաբառի անվտանգությունը: Նման կարևոր հասանելիությամբ կիսվելու դժկամությունը համապատասխանում է կիբեռանվտանգության սկզբունքներին: Հոսքային ծառայությունների գաղտնաբառերն ու լուսանկարները կիսելու պատրաստակամությունը նշանակում է մշակութային տեղաշարժ, չնայած մարդիկ պետք է գիտակցեն հնարավոր ռիսկերը նույնիսկ տեղեկատվության թվացյալ անվնաս փոխանակման ժամանակ:

Այս եզրակացություններն ընդգծում են հարաբերությունների շրջանակներում բաց հաղորդակցությանը, հստակ սահմանների հաստատմանը և թվային գրագիտության խթանմանն աջակցելու կարևորությունը: Անվտանգության մասնագետների համար սա ամրապնդում է կիբեռանվտանգության լավագույն փորձի շարունակական ուսուցման և հարաբերությունների շրջանակում անձնական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ հիմնավորված որոշումներ կայացնելու անհատների կարողությունների ընդլայնման անհրաժեշտությունը»,- ասել է «Կասպերսկի» ընկերության տվյալների անվտանգության և գաղտնիության հարցերով փորձագետ Դեյվիդ Էմմը:

2023-ի ամբողջական զեկույցը կարող եք կարդալ այստեղ։