ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով, մասնակցել է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Մաքսային հարցերով ենթակոմիտեի չորրորդ նիստին։

ՊԵԿ-ից  հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտին առնչվող գործընթացները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող դրույթները, որոնց մասով Եվրոպական միությունը կարող է աջակցություն տրամադրել: Կողմերը ներկայացրել են իրենց մաքսային օրենսդրություններում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները, ինչպես նաև մաքսային համագործակցության ուղղությամբ ԵՄ տեխնիկական գործիքների օգտագործման հնարավորությունները: Հանդիպման ընթացքում կարևորվել է տարիների ընթացքում Հայաստանին՝ ԵՄ-ի ցուցաբերած աջակցությունը:

Անդրադարձ է կատարվել մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում փոխգործակցությանը, կարևորվել են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավախախտումների դեմ պայքարին ուղղված հիմնական ձեռքբերումները և հետագա քայլերը։

ԵՄ-ն ներկայացրել է գործող Ներմուծումների վերահսկման համակարգի ներդրման ընթացիկ վիճակը, ինչը ենթադրում է ԵՄ-ում բեռնափոխադրումների նախնական տեղեկատվական համակարգի կիրառություն։ Ներկայացվել են նաև ԵՄ անդամ պետություններում համակարգի ներդրման փուլերն ու մեխանիզմները։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Համընդհանուր տարանցման ընթացակարգի և ապրանքների առևտրում ձևակերպումների մասին» կոնվենցիայի շրջանակում ՀՀ՝ դիտորդի կարգավիճակ ստանալու համար դեռևս 2021 թվականի դիմումի ընթացքին: Կողմերը մեկ անգամ ևս արձանագրել են ԵՄ և Հայաստանի Հանրապետության միջև հաստատված տնտեսական և առևտրային սերտ գործընկերային հարաբերությունները և վստահություն հայտնել, որ դրանք շարունակական բնույթ կկրեն: