Հնագետներն օրերս հայտարարել են Ֆրանսիայի Վանն քաղաքի հյուրանոցներից մեկի տակ 14-րդ դարի ամրոցի հայտնաբերման մասին, հայտնել է Fox News-ը։

Lagorce հյուրանոցի ներքին գավթի տակ հայտնաբերված ամրոցը, որը նույնականացվել է որպես Château de l'Hermine, 1380-ականներին կառուցել է Հովհաննես IV Նվաճողը:

Ֆրանսիայի կանխարգելիչ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտը (INRAP) պարզաբանել է, որ պեղումներն իրականացվել են 2023 թվականի գարնանից մինչև աշուն։

Ամբողջական և լավ պահպանված ամրոցի մնացորդները ցնցել են հնագետներին:

«Պեղումներն աստիճանաբար ի հայտ են բերել առաջին հարկի հատակագիծը. դքսի 42 մետր երկարությամբ և 17 մետր լայնությամբ տունը բացառիկ հաստ պատեր է ունեցել», - նշել են INRAP-ում:

Հետազոտողների հայտնաբերած մի շարք սանդուղքներից մեկը՝ զարդարված միջուկով և երեք աստիճաններով զարմանալիորեն պահպանված է եղել:

Բացի դրանից, հնագետները հայտնաբերել են ամրոցի առօրյային առնչվող տասնյակ իրեր, որոնց թվում՝ մետաղադրամներ, խոհանոցային պարագաներ և զարդեր։