Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանն ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթը սկսեց գործընկերներին շնորհակալական խոսքով՝ ինքնիշխան, դիմակայուն և բարգավաճ Հայաստանի համար հավաքական հանձնառության համար։

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, իր խոսում նշել է. «Այս միջոցառումն ընդգծում է Հայաստանի հավատարմությունը մեր ընդհանուր արժեքներին և ավելի հաշվետու և քաղաքացիակենտրոն հանրային հաստատություններ ստեղծելու ցանկությունը, որոնք օգուտ կբերեն մեր ժողովրդին:

Այսօրվա բարձր մակարդակի երկխոսությունը նշանակում է Հայաստանի ընդլայնվող գործընկերությունը Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ։

Չնայած բազմաթիվ ճգնաժամերին՝ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ապահովման ուղղությամբ։ Չբավարարվելով ձեռք բերված առաջընթացով՝ մենք կքննարկենք Հայաստանի ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության ամրապնդմանը։

Մենք համոզված ենք, որ մեր համագործակցության հիմքում ընկած է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է արդարադատության և հանրային հատվածի բարեփոխումներն առաջ մղելու իր հանձնառությունը՝ ավելի ուժեղ, ավելի ապահով և առաջադեմ երկիր կառուցելու համար։

Հիմնվելով մեր արդյունավետ քաղաքական համագործակցության վրա՝ ճիշտ ժամանակն է առաջ մղել մեր տնտեսական համագործակցությունը, խթանել առևտուրը և ընդլայնել մեր գործընկերությունը շարժունակության ոլորտում:

Մենք վճռական ենք բարձրացնելու Հայաստանի մասնավոր հատվածի մրցունակությունը նոր շուկաներ մուտք գործելու նպատակով: Ավելին, մենք պատրաստ ենք բարելավել մեր ներդրումային միջավայրը և այն ավելի գրավիչ դարձնել եվրոպական և ամերիկյան ընկերությունների համար: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները մեզ կաջակցեն արդիականացնել Հայաստանի որակի ենթակառուցվածքը, կառուցել բիզնես ցանցեր և ուսումնասիրել առևտրի դյուրացման հնարավոր սխեմաները»: