«ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն արձագանքելն է «Ժողովուրդ» օրաթերթի «1 օրում 2 դրամաշնորհ՝ «ֆեյքերի» ՊՈԱԿ-ին» վերնագրով նյութին:

ՊՈԱԿ-ի արձագանքում, մասնավորապես, նշվում է. «Հայտնում ենք, որ Կենտրոնում աշխատող որևէ աշխատակից երբևէ չի ստացել և չի իրականացրել կեղծ օգտահաշիվներ ունենալու, դրանցով գործողություններ իրականացնելու հանձնարարություններ ու երբևէ չի զբաղվել վերոնշյալ արատավոր գործունեությամբ։ Նշված նյութում նկարագրված գործելաոճն անընդունելի և դատապարտելի է կառույցի տնօրինության և աշխատակիցների համար։

Կենտրոնն իրականացնում է բազմաթիվ կարևոր գործառույթներ ու աշխատանքներ, որոնք թափանցիկ և տեսանելի են ՀՀ քաղաքացիների ու լրատվամիջոցների համար։ Դրանց կարելի է ծանոթանալ iprc.am, orbeli.am, irazekum.am կայքերում։

Կենտրոնի ֆինանսական գործունեությունը նույնպես թափանցիկ է, ֆինանսավորումն իրականացվում է պետբյուջեի համապատասխան միջոցառումների համաձայն՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ կնքվող դրամաշնորհային պայմանագրերի հիման վրա, որոնց համապատասխան ներկայացվում են անհրաժեշտ բոլոր հաշվետվությունները, իսկ գնումների գործառնությունները ևս օրենքի պահանջներին համապատասխան ամբողջությամբ հրապարակվում են։»

«Ժողովուրդ». 1 օրում 2 դրամաշնորհ՝ «ֆեյքերի» ՊՈԱԿ-ին, որից մեկը՝ 731 մլն դրամի