Ժողովուրդ ջան, շնորհավորում եմ՝ ՔՊ-աական «դեմոկրատիան» այսօր նոր ռեկորդ է սահմանել․ այսօրվանից ֆեյսբուքյան լայքը պաշտոնապես դարձել է աշխատակիցներին վարչական պատասխանատվություն ենթարկելու հիմք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բանն այն է, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը նամակ է ուղարկել իր աշխատակցին՝ տեղեկացնելով, որ նա լայքել է իմ ֆեյսբուքյան գրառումը, ինչով «անհարգալից վերաբերմունք է դրսեւորել» կազմակերպության հանդեպ։ Դրա համար ծառայողին սպառնում են կարգապահական տույժի ենթարկել։

Այսպիսով, պաշտոնապես հաստատվում է այն, ինչի մասին մենք բազմիցս ասել ենք․ ՔՊ-ականները երկիրը կառավարում են ֆեյսբուքի միջոցով ու մարդկանց հետապնդումների են ենթարկում «անցանկալի լայքերի» համար։

Ինչպես ասում են, սա ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։

Հուսով եմ՝ իրավապաշտպան կազմակերպությունները եւ ՄԻՊ-ը գնահատական կտան սրան, իսկ մինչ այդ հավաստիացնում եմ, որ կոռուպցիոն պատմությունների մեջ թաթախված բոլոր չինովնիկները պատասխան են տալու օրենքի առաջ»։