Դրա համար հանձնաժողով կա, դրա համար այսօր՝ ժամը 14:30-ին, լսում ունենք, և՛ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, և՛ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լինելու են այստեղ, և հնարավորություն ունեք այդ հարցը տալ նրանց. Խոսքը վերաբերում է պետական սահմանի արձանագրման գաղափարի շուրջ գնացող քննարկումներին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրչադառնալով հարցին, թե ո՞վ է նպատակահարմար գտել սահմանազատումը սկսել հենց Տավուշի մարզից:

«Ամեն ինչ միտված է լինելու խաղաղության օրակարգին»,- ասաց նա՝ ընդգծելով՝ ԶՈՒ-ն ունի ծրագրով նախատեսված գործառույթներ, որն իրականացնում է:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ կրակոցներով խաղաղություն լինո՞ւմ է՝ Քոչարյանը նշեց՝ կրակոցներ չպետք է լինեն. «Բայց կրակոցները մեզ 30 տարի ուղեկցում են, էլի են ուղեկցելու, ուրիշ բան, որ չպետք է թույլ տալ, որ այդ տրամաբանությունը մշտապես գործի: Կրակոցներն ի վերջո պետք է դադարեն, դրան հասնելու համար երկար ճանապարհ պետք է անցնենք, որովհետև այս թշնամանքը երկար տարիների հետևանք է: Այս թշնամանքը հաղթահարելն այդպես հեշտ չի լինելու, որովհետև խաղաղության հասնելը շատ ավելի բարդ է, քան պատերազմ մղելը, իսկ շատ դեպքերում պատերազմ անում են խաղաղությանը հասնելու համար»,- ասաց նա:

Հարցին՝ իսկ կհասնե՞նք արդյոք խաղաղության, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ բոլոր պատերազմներն ի վերջո ավարտվում են:

«Խաղաղության հասնելու համար պետք է ամեն օր զինված ուժերի կարողություններն ավելացնենք, պաշտպանական, բնականաբար»,- եզրափակեց խոսքը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Լրագրողների դիտարկմանը, թե վարչապետը Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր, որ 10 օրից նորից կհանդիպի նրանց, սակայն արդեն 15 օրից ավելի է անցել՝ Քոչարյանը պատասխանեց. «Եթե վարչապետը խոստացել է, կարծում եմ՝ նա նկատի կունենա՝ հաշվի առնելով նաև իր զբաղվածությունը։ Եթե վարչապետը խոստացել է՝ չի կարող չանել»։