Արցախի թեման դուք ամբողջությամբ փակում եք, ո՞րն է Արցախի նկատմամբ Ձեր ռազմավարությունը և ինչո՞ւ է Արցախի ընտրված կառավարության ներկայությունը, որը պետք է շարունակի Արցախի ճակատագրի համար պայքարը, Ձեզ համար վտանգ ներկայացնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում ՀՀ վարչապետի հետ հարցուպատասխանի ժամանակ հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Վարչապետը արձագանքեց, որ իրենք հետևողականորեն աշխատել են խնդիրը լուծելու ուղղությամբ և այդ աշխատանքների արդյունքում է, որ բացել են ԼՂ-ի հարցի շուրջ բանակցային գործընթացի շերտեր, որոնք խորը մութ և հեռու անկյուններում թաքցված են եղել, եթե թաքնված էլ չեն եղել, ապա հասանելի էլ չեն եղել։

«ԵԱՀԿ Լիսաբոնի Գագաթաժողովի մասին եմ խոսում, այլ փաստաթղթերի մասին եմ խոսում, այն ինչ ես ասում եմ, խոսում եմ հենվելով այդ փաստաթղթեր վրա։

Ինչ վերաբերում է ԼՂ ներկայացուցիչներին, կամ ինչպես ասացի՝ նախկին վերնախավի ներկայացուցիչներին, հենց խնդիրն այն է, որ իրենք հրաժարվել են անել դա, ես հենց դա էի ասում։

Մենք նաև տվյալներ ու ապացույցներ ունենք, որ ԼՂ-ի ներկայացուցիչների մի խումբ, մի շրջանակ, այնուամենայնիվ ԼՂ-ում բազմաթիվ քննարկումների ընթացքում ներկայացրել է՝ եթե շարունակենք գնալ այս ճանապարհով լինելու է սա, սա և ձեր ասած շրջանակը չի արձագանքել, թե որն էր իրենց պլանը։

Այսօր մենք նյութեր ունենք, որտեղ երեւում է, թե որն էր իրենց պլանը, ասում են՝ լավ այստեղ չի լինում կգնանք Հայաստանում իշխանություն կվերցնենք, ի՞նչ է եղել որ։ Սրա մասին է խոսքը և պարո՛ն Օհանյան, Դուք էլ գիտեք դա, Ձեր քաղաքական թիմը չէր թաքցնում ոգևորությունը ԼՂ-ում տեղի ունեցող այդ փոփոխությունների, հրաժարականների և այլնի առիթով։

Հրաժարական տվողները գոնե ասում էին, թե ինչ է լինելու հաջորդիվ և պետք է արձագանքել այդ իրավիճակին: Եվ չի եղել արձագանք և այդտեղ ավարտվել է ամեն ինչ»,- հայտարարեց Փաշինյանը։

Ինչին ի պատասխան Օհանյանն ասաց, թե Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչ պայմաններում են հրաժարական տվել. «Դուք այստեղ կրավորական կեցվածք էիք ընդունել, երբ բազմակի, տասնյակ անգամ ավել զորքով Ադրբեջանը հարձակվել էր դիրքերի վրա և նաև ներխուժել, մասնատել Արցախը, Դուք այն ժամանակ ասում էիք՝ Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական ազդեցություն չկա: Դոեւք գիտեք՝ ինչ պայմաններում է Արցախի ղեկավարությունը ընդունել այդ որոշումը, որը Հայաստան վերադառնալուց հետո իրենք բեկանել են: Մենք գտնում են, որ միայն հիմար մարդը կարող է ուրախանալ այն վիճակից ինչ այսօր Արցախն ունի,-ասաց նա: