«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, ինչ տեղի ունեցավ Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի Անմար կրակի մոտ, երբ այնտեղ հայտնվեց Նիկոլ Փաշինյանի կինը՝ փոքր դստեր հետ, իհարկե, արժանի է հանգամանալի դիտարկման: Քննարկումներ շատ եղան կատարվածից անմիջապես հետո: Բայց կան բաներ, որոնց կողքով, այնուամենայնիվ, չենք կարող անտարբեր անցնել ու չարձագանքել: Դեռ մի կողմ դնենք այն հարցը, թե այդ ինչպես էր եղել, որ Աննա Հակոբյանի անվտանգության ապահովմամբ զբաղվող պրոֆեսիոնալները նման իրավիճակ էին թույլ տվել:

Անվտանգության ծառայությունը չէր կարող չիմանալ, թե տվյալ պահին ովքեր, ինչ մարդիկ են Անմար կրակի մոտ, չէր կարող չիմանալ, որ պահպանվող անձի այցելելու կետում կա մարդկային կուտակում, ինչը անվտանգության ցանկացած ծառայության համար խնդիր է, եթե նույնիսկ ոչ մեկը ոչ մի բան չասեր, չվանկարկեր: Բայց դա թողնենք մի կողմ, մեզ միամտի տեղ դնելով ու համարելով, թե՝ «դե, այդպես էր ստացվել»: Նմանապես մի կողմ ենք թողնում այն, որ Աննա Հակոբյանը չի կարող չիմանալ, թե իր ամուսնու գործունեության հետևանքով հասարակության մեջ ինչ կարգի չարություն ու ատելություն է կուտակված իրենց հանդեպ: Բայց դա էլ դրեցինք մի կողմ: Մի կողմ ենք դնում և այն, որ քաղաքական, հրապարակային գործունեությամբ զբաղվող ցանկացած ոք պետք է գիտակցի՝ ինքը հանրային դեմք է, ըստ այդմ՝ առաջին հերթին հենց ինքը պետք է մտահոգվի իր անձի հետ կապված արձագանքների ու իր՝ անչափահաս երեխային այդ ամենից հնարավորինս հեռու պահելու մասին:

Հարկավ, «ուրիշի երեխա» չկա»: Բայց առաջին հերթին հենց ծնողն է պարտավոր իր երեխայի մասին հոգ տանել: Այդ ամենը, կրկնենք, դնում ենք մի կողմ: Ամենացնցողը, նույն Փաշինյանի բառամթերքից օգտվելով՝ հոգեցունցը և, միաժամանակ, ապշեցուցիչը դեպքից անմիջապես հետո «առաջին շարքի» քպականների, կարկառուն-չկարկառունների, սատելիտների՝ դիրիժորական փայտիկով բարձրացրած աղմուկաղաղակն էր՝ փաշինյանական ֆեյք ու չֆեյք երկրպագուների, կներեք արտահայտության համար՝ «երգչախմբի» ձայնակցությամբ: Ուղղակիորեն վանող, տհաճից էլ տհաճ տպավորություն թողեց կեղծ բարեպաշտական գլխարկ դրած ու փարիսեցիության պատմուճան հագած այդ բազմույթի նշված արձագանքը, որը հանգում էր հետևյալ արտահայտություններին՝ «վա՜յ, ինչպե՜ս կարելի էր երեխայի ներկայությամբ նրա հոր կամ մոր հասցեին նման բաներ ասել», կամ առհասարակ՝ «ինչպե՜ս կարելի էր Անմար կրակի մոտ նման բան անել…», «վա՜յ, ինչ ամոթ է…»: Սա, եթե չնշենք նույն այդ քպականասեր մասսայի ներկայացուցիչների անեծք, հայհոյանք, վիրավորանք և այլ բառային աղտեղություն պարունակող արտահայտությունները: