«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ խորանում է Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը, լարվածության աճ է նկատվում նաև Հարավային Կովկասում։ Վրաստանը փորձում է ամեն կերպ խուսափել երկու խոշոր գլոբալ ուժերի բախման գոտում հայտնվելուց, չնայած որոշ ուժերի ջանքերին՝ երկրի ներքաղաքական կյանքում խժդժություններ ստեղծել։ Եթե Վրաստանը նախկինում իրեն ամբողջովին տեսնում էր պրոարևմտյան բլոկում, ապա հիմա իրավիճակ է փոխվել, և Թբիլիսին, երկրի շահերից ելնելով, սերտորեն համագործակցում է նաև Մոսկվայի հետ՝ հատկապես տնտեսական ոլորտում, ու մեծ օգուտներ ունենում։ Իսկ Ադրբեջանը մի կողմից՝ մեծացնում է գազի արտահանումը դեպի Եվրոպա, մյուս կողմից՝ ավելացնում Ռուսաստանից ներկրվող գազի քանակությունը այն մոտեցման շրջանակներում, թե ռուսական գազը ներքին պահանջարկի համար է։
Սակայն պարզ է, որ ռուսական գազը շատ հանգիստ կարող է հայտնվել Եվրոպայում։ Բացի այդ, Ադրբեջանը տարածաշրջան է հրավիրում մեկ այլ աշխարհաքաղաքական խաղացողի՝ ի դեմս Թուրքիայի։ Եվ եթե Անկարան ձգտում է Հարավային Կովկասից դուրս մղել Ռուսաստանին, իսկ Մոսկվան իր դիրքերն ամրապնդել այս տարածաշրջանում, ապա Թուրքիայի խնդիրն է սողոսկել ու ամրանալ Հարավային Կովկասում։ Բայց մի պարզ իրողություն արդեն իսկ նկատելի է. Հարավայի Կովկասում Ռուսաստանի դիրքերը թուլանում են, բայց դա դեռ չի նշանակում, թե Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից։ Այս ամենի ֆոնին խնդրահարույց են դառնում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։
studyonline.hse.ru
РЕКЛАМА
•
16+
Высшее образование онлайн в НИУ ВШЭ. Открыт набор.
Արդեն տևական ժամանակ է, ինչ ՀՀ իշխանությունները մեղադրում են ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին և տարածաշրջան են հրավիրում այլ ուժերի, առաջին հերթին՝ Արևմուտքին։ Արևմուտքը գործնական տեսանկյունից ներկայություն չունի Հարավային Կովկասում, սակայն իր շահերը կարող է առաջ մղել Թուրքիայի միջոցով։ Հայաստանի օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը մեկնաբանվում է այն շրջանակում, թե կանխում են Հայաստանի «ֆորպոստացումը»։ Իհարկե, Ռուսաստանը մեղավորություն ունի այն հարցում, որ իր դաշնակից Հայաստանին միայնակ է թողել թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիային դեմ հանդիման, այնուամենայնիվ, մի կողմից՝ որևէ երկիր չի կարող ավելի շատ մտահոգվել տվյալ երկրի ճակատագրով, քան այդ երկրի իշխանությունները, մյուս կողմից՝ հարաբերությունների վատթարացումը կարող է էլ ավելի վտանգավոր իրավիճակ ստեղծել Հայաստանի համար։
Ու չնայած ռուսական կողմի նկատմամբ հրապարակային դժգոհություններին, Հայաստանը շարունակում է օգտվել այն տնտեսական հնարավորություններից, որ ընձեռում են Ռուսաստանի գլխավորած տնտեսական կառույցները, մասնավորապես ԵԱՏՄ-ն։ ԵԱՏՄ մեխանիզմների կիրառության արդյունքում Հայաստանը բարձր տնտեսական աճ է ապահովում։ ՀՀ իշխանություններն էլ անընդհատ շեշտում են ԵԱՏՄ-ի առանձնակի տնտեսական կարևորությունը՝ նկատելով, թե չպետք է այն քաղաքականացնել։ Օրերս էլ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը: Նա իր ելույթում նշեց, թե Եվրասիական տնտեսական միությունում էներգակիրների միասնական շուկաների ստեղծումը չափազանց ձգձգվել է։ Պարզ է, որ էներգակիրների միասնական շուկայի ստեղծումից Հայաստանը մեծ օգուտներ կարող է ունենալ։
Բացի այդ, Փաշինյանը փորձեց իրենց կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկը» բերել ԵԱՏՄ-ի դաշտ՝ նկատելով, որ այն կխթանի առևտրի աճը։ Ինչ վերաբերում է մեկ այլ ինտեգրացիոն միավորման՝ ՀԱՊԿ-ի գործունեությանը, ապա ՀՀ իշխանությունները անընդհատ ձգտում են ցույց տալ, որ այն անարդյունավետ է։ Նախ՝ Փաշինյանը հայտարարում է, թե սառեցնում են իրենց մասնակցությունը ՀԱՊԿ-ին, բայց միաժամանակ հայկական կողմը դուրս չի գալիս կազմակերպությունից ու չի արգելափակում ընդունված որոշումները։ Ապա նաև պարզ է դառնում, որ Հայաստանը դադարեցնում է ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը։ Բայց պետք է նկատի ունենալ, որ ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ընդհանրապես խնդիր չէ Ռուսաստանի պես մեծ երկրի համար։ Մյուս կողմից՝ այս ֆոնին Հայաստանի վարչապետն ու ՌԴ նախագահը հանդիպման արդյունքում պայմանավորվածություն են ձեռք բերում, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից:
Պարզ է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարց ընդհանրապես չի էլ քննարկվում, ու որոշ կետերից ռուս զինվորականների դուրս գալը, մեծ հաշվով, խնդիր չէ ռուսական կողմի համար։ Սակայն ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցման ու նշված մարզերում ռուսական զինվորականների դուրս գալու թեմաների շուրջ լրատվական դաշտում քարոզչական ցունամիի էֆեկտ է ստեղծվում, և թվում է, թե Հայաստանը «պոկվում է» Ռուսաստանից։ Բայց այդ քարոզչությունն ունի հատուկ ուղղվածություն՝ առաջին հերթին միտված է ներքին լսարանին, թե իբր ՀՀ իշխանությունները ՀՀ ինքնիշխանության ամրապնդմանը միտված քայլեր են ձեռնարկում։ Մյուս կողմից էլ՝ նրանք Արևմուտքին են որոշակի կեղծ ուղերձներ հղում... Սակայն այս իշխանությունները այս պարագայում էլ են խաբում՝ թե՛ Հայաստանի հանրությանը, թե՛ Արևմուտքին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում