«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ Սիսիանում իշխանափոխության համար ՔՊ-ին, պարզվում է, օգնել է իրեն ընդդիմադիր հռչակած «Քաղաքացու որոշում» խմբակցությունը: Քանի որ նախկին քաղաքապետ Արմեն Հակոբջանյանի պարտադրված հրաժարականից հետո ՔՊ Սիսիանի ավագանին 13 անդամով չէր կարող նոր քաղաքապետ ընտրել, քանզի 14 ձայն էր հարկավոր: 34-ամյա նախկին առաքիչ Հովսեփ Առաքելյանին Սիսիանի համայնքապետ է դարձրել ՔՈ խմբակցության ավագանի Հայկ Հակոբյանի մեկ ձայնը: Բայց այդ ձայնը հենց այնպես չի նվիրվել նորընծա համայնքապետին, խոսվում է, որ դրա դիմաց պաշտոն են խոստացել Հայկ Հակոբյանին։
Ի դեպ, խոսվում է, որ նախկին քաղաքապետին հեռացնելու պատճառներից մեկն էլ այն էր, որ թույլ էր, չէր տիրապետում իրավիճակին, բացի այն, որ իր հովանավոր Կարեն Համբարձումյանի կամքին դեմ էր գնացել, ՔՊ առաջնորդները վստահ են եղել, որ նա չի ձգի առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ` ՔՊ-ի համար ձայներ չի կարողանա հավաքել:
Իշխող թիմում չեն բացառում, որ առաջիկայում Սիսիանի եւ Գյումրու ճակատագրին այլ համայնքներ էլ կարժանանան, այսինքն` իշխանությունը խլելու գործընթացը շարունակվելու է, քանի որ տեղերում իշխանություն չունենալու պարագայում դժվար կլինի 2026-ին վերարտադրվելը։
Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ Շիրակի նախկին մարզպետ, մի անգամ այդ պաշտոնից հեռացված, Գյումրու ՔՊ կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանին նշանակում են Գյումրու համայնքապետի ԺՊ, իսկ ընտրություններն անցկացվելու են եկող տարի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում