«Հայաստանը Թուրքիայի հետ ունի դինամիկ ու դրական երկխոսություն»,- ԱԺ-ում բյուջետային քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Երկխոսությունը, նախևառաջ, այն մասին է, որ երկրները պետք է հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, բացեն սահմաններն, ունենան տրանսպորտային ու այլ հաղորդակցություններ։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կապում է հայ-ադրբեջանական գործընթացի հետ։ Մեր գնահատմամբ՝ դա այդքան էլ կառուցողական մոտեցում չէ»,- նշեց Միրզոյանը՝ հավելելով, որ կան կոնկրետ պայմանավորվածություններ․ «Պայմանավորվել ենք սկզբում մասնակի սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար և այլն։ Կան նաև ավելի փոքրամասշտաբ համատեղ որոշակի նախագծեր, օրինակ՝ Անիի մշակութային ժառանգության հետ կապված, Անիի կամրջի հետ կապված և այլն, ուզում եմ ասել՝ այստեղ ևս կա դինամիկ երկխոսություն»,- նշեց նա՝ նշելով, որ մոտ ապագայում առաջընթաց կլինի հայ-թուրքական հարաբերություններում։