ՀՀ գլխավոր դատախազությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանությանն առնչվող գործերով իրականացված ուսումնասիրությունների և դրանց հիմա վրա այս կամ այն գույքը պետությանը վերադարձնելու գործընթացի մասին, սակայն հետագայում ներկայացնում է բացառապես արձանագրված դրական արդյունքը, մինչդեռ դատական գործերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ շատ դեպքերում դատախազության հայցերը դատարանները մերժում են:

Օգտվելով դատական տեղեկատվական համակարգում առկա հրապարակային տվյալներից, այսուհետ հանրությանը կիրազեկի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանությանն առնչվող այն գործերի մասին, որոնցով դատախազությունը պարտություններ է գրանցում՝ Առաջին ատյանի դատարանից մինչև Վճռաբեկ դատարան:

Դատախազության հերթական պարտությունն առնչվում է Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 16 հասցեի շենքի և «Մոսկվա» կինոթատրոնի միջնամասում գտնվող տարածքը պետությանը վերադարձնելու վերաբերյալ հայցին:

Մասնավորապես 2023թ. հոկտեմբեր 12-ին գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Մոսկվա կինոթատրոնի և Նկարիչների միության շենքերի պահպանության գոտում գտնվող հողամասը վաճառվել է, մինչդեռ ըստ դատախազության ուսումնասիրության՝ տարածքն ընդգրկված է եղել Հողային օրենսգրքի սահմանափակումների ցանկում և օտարման ենթակա չի եղել: Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է առերևույթ հանցանքի դեպք՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ արարքի կատարման պահին գործող՝ 01.07.1961 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածով (ուրիշի գույքին տիրանալը), 184-րդ հոդվածով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական պարտականություններին անփույթ կամ անբարեխիղճ վերաբերվելու հետևանքով դրանք չկատարելը) և 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը): Այնուհետև դատախազությունը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը համայնքին վերադարձնելու նպատակով:

Մասնավորապես դատարան ներկայացրած հայցադիմումով դատախազությունը հայտնել է, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 16 հասցեի շենքի և «Մոսկվա» կինոթատրոնի միջնամասում գտնվող ընդհանուր 3800,5 քմ մակերեսով 4 կիսակառույց շինությունների նկատմամբ 1996թ. հոկտեմբերի 9-ին կատարվել է «Մելլաթ» բանկի Երևանի մասնաճյուղի սեփականության իրավունքի պետական գրանցում: Այնուհետև, Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով «Մելլաթ» բանկին՝ Աբովյան 16 հասցեի անավարտ շենքի սպասարկման նպատակով վարձակալական հիմունքներով տրամադրվել են համապատասխանաբար՝ 25 տարի ժամկետով՝ 2958 քմ. մակերեսով և 10 տարի ժամկետով՝ լրացուցիչ 323 քմ. մակերեսով հողամասեր:

Նշված որոշումների հիման վրա կնքվել են հողամասերի վարձակալության պայմանագրեր, իսկ պայմանագրերից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում:

Երևանի քաղաքապետի 2000թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1787 որոշմամբ երկարացվել են վերոհիշյալ հողամասերի վարձակալության տրամադրման ժամկետները և 2 հողամասերի համար վարձակալության ժամկետ է սահմանվել 90 տարին:

«Մելաթբանկ » ՓԲ ընկերությունը 2006թ. հուլիսի 19-ին «ԴԻԴԱՍ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊ ընկերությանը 798.084.000 ՀՀ դրամով օտարել է իրեն սեփականության իրավունքով պատկանող Աբովյան 16 հասցեում գտնվող անշարժ գույքը:

Ըստ հայցադիմումի՝ «ԴԻԴԱՍ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊ ընկերությանը 2009թ. մարտի 30-ին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի ուսումնասիրությունից երևում է, որ Աբովյան 16 հասցեի տարածքը ըստ գոտիավորման նախագծի սահմանված է որպես պատմամշակութային հուշարձանների պահպանման գոտիների համակարգում ընդգրկված տարածք, ինչպես նաև նշվել է կառուցապատվող տարածքի ընդերքով անցնող մետրոպոլիտենի թունելախորշերի առկայության մասին: Բացի այդ, Աբովյան 16 և 18 հասցեների միջանկյալ հատվածում գտնվող տարածքը պատմամշակութային` հուշարձանների պահպանման գոտիներում ընդգրկված լինելու վերաբերյալ հայտնվել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի գրությամբ: ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք պատմական և մշակութային արժեքների օբյեկտներ են: Դատախազությունն արձանագրել է, որ նշված հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված սահմանափակումների ցանկում և օտարվել չէր կարող: Նշենք, որ «ԴԻԴԱՍ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊ ընկերությունը վերանվանվել է «ՕԴԻՍԵՅ-ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊ ընկերության:

Ի պատասխան՝ Կադաստրի պետական կոմիտեն խնդրել է հայցը մերժել՝ հայտնելով, որ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու պահին կադաստրի գործողություններն իրավաչափ են, իրավունքների պետական գրանցումները կատարվել են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան ներկայացված իրավահաստատող փաստաթղթերի, մասնավորապես՝ քաղաքապետի որոշման, առուվաճառքի պայմանագրի հիման վրա, որոնք որևէ դատական ակտով անվավեր ճանաչված չեն եղել:

Գործով որրորդ անձ «Մելլաթ» ՓԲԸ-ի ներկայացուցիչն էլ իր հերթին է արձանագրել, որ հայցապահանջը ակնհայտ անհիմն է, քանի որ խնդրամասում ձևակերպված պետական գրանցումը և գրանցամատյանի գրառումները վարչական ակտեր չեն և դրանց վերացման պահանջը չի կարող հանդիսանալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վիճարկման հայցի առարկա, իսկ պահանջը ենթակա չէ որևէ տեսակի դատարանում քննության: Երրորդ անձը նաև ընդգծել է, որ հայց հարուցող մարմինը, ըստ էության, քաղաքացիաիրավական գործարքը փորձել է ներկայացնել որպես պետական շահերի պաշտպանություն:

ՀՀ վարչական դատարանի դատավոր Աննա Դիլբարյանը, լսելով դատավարության մասնակիցներին, գործում եղած ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության արդյունքում արձանագրել է, որ ՀՀ գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ «Մելլաթ բանկ» ՓԲԸ և «ՕԴԻՍԵՅ-ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ, ենթակա է մերժման:

Դատարանը, հղում կատարելով Վճռաբեկ դատարանի որոշումներին, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքին և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքին և այլ իրավական հիմնավորումներ, համադրելով գործի փաստերի հետ, արձանագրել է, որ 01.02.2001 թվականի թիվ 0271079 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում 18.07.2006 թվականին կատարվել է նշում առ այն, որ Երևանի քաղաքապետարանի 19.06.2006 թվականի թիվ 18-06/2-2347 գրության համաձայն՝ 3281.0քմ հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի մեջ: Միաժամանակ նշվել է, որ 3281.0քմ հողամասի սեփականության իրավունքը գրանցվել է 04.10.05 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 23-րդ հոդվածի 1.2 կետի համաձայն և նույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում հողամաս ձեռք բերողը պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը:

Այնուհետև, «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի և «ԴԻԴԱՍ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ի միջև 19.07.2006 թվականին կնքվել է պայմանագիր, որի համաձայն՝ «Մելլաթ բանկ» ՓԲ Ընկերությունը ք.Երևան, Կենտրոն համայնք, Աբովյան փող. թիվ 16 հասցեում գտնվող անշարժ գույքը վաճառել է «ԴԻԴԱՍ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ին: Արդյունքում, 22.08.2006 թվականին կատարված իրավունքի պետական գրանցման համաձայն՝ 19.07.2006 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա ք.Երևան, Կենտրոն համայնք, Աբովյան փող. թիվ 16 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կատարվել է «Դիդաս Ինտերնեյշել» ՍՊԸ-ի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցում և տրամադրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

Այսինքն, Աբովյան 16 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կատարված «Դիդաս Ինտերնեյշել» ՍՊԸ-ի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցում իրականացնելու և անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի տրամադրելու՝ նոր պետական գրանցում իրականացվելու պահից, նույն գույքի նկատմամբ 01.02.2001 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև 18.07.2006 թվականին կատարված նշումները համարվում են ուժը կորցրած, այլ կերպ ասած՝ այլև իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտ:

Դատարանը առաջարկել է հայցվորին ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինել պատշաճ հայցատեսակով և ներկայացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ճանաչման հայց, նշելով նաև, որ ճանաչման հայց ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է նաև նշել ճանաչման հայց ներկայացնելու հայցվորի իրավական շահագրգռվածությունը:

Նույն դատական նիստի ժամանակ Հայցվորի ներկայացուցիչը խնդրել է ժամանակ տրամադրել մատնանշման վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար, իսկ 15.07.2024 թվականի դատական նիստի ժամանակ պնդել է ի սկզբանե ներկայացված հայցապահանջը:

Հաշվի առնելով, որ Աբովյան փող. թիվ 16 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կատարված «Դիդաս Ինտերնեյշել» ՍՊԸ-ի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցում իրականացնելու և անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի տրամադրման՝ նոր պետական գրանցում իրականացվելու պահից, ուժը կորցրել է «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը, Դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ պետական գրանցումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի նյութական օբյեկտ չի կարող հանդիսանալ և որպես իրավաբանական ուժ ունեցող վարչական ակտի չի կարող վերացվել: Իսկ գործով որպես հիմնական պահանջ հանդիսացող իրավունքի պետական գրանցման իրավաչափությունը կարող է գնահատվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հայցատեսակի շրջանակներում:

Այսպիսով դատարանը գտել է, որ ՀՀ գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի անհիմն է և ենթակա է մերժման:

Դատարանի՝ 2024թ. օգոստոսի 2-ի վճիռը հիշյալ վճիռը դատախազությունը բողոքարկել է Վարչական վերաքննիչ դատարանում: Վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 2025թ. հոկտեմբերի 2-ին: