Կարծում եմ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարապուրդի հարցը արհմիությունների ու կոմբինատի ղեկավարության խնդիրն է։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։


Նրա գնահատմամբ՝ երկրի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ ինստիտուցիոնալ լուծումների փոխարեն ամեն ինչ մտցվում է կառավարության դաշտ։ Նա վստահություն է հայտնել, որ ամբողջ աշխարհում աշխատավարձի եւ աշխատանքային պայմանների հարցերը լուծվում են ուժեղ արհմիությունների միջոցով եւ օրենսդրության շրջանակում, իսկ պետության խնդիրն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ արհմիությունները եւ կազմակերպությունները կարողանան պաշտպանել իրենց շահերը եւ բանակցությունների արդյունքում լուծումներ գտնել։

Պապոյանը հիշեցրել է, որ Հայաստանի քաղաքացիները (նկատի ունի պետությունը) կոմբինատում ունեն մոտավորապես 22 տոկոս մասնաբաժին, ինչի արդյունքում պետբյուջե է մուտքագրվել 35 մլրդ դրամ։ Նա մտահոգություն է հայտնել կոմբինատի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ նշելով, որ երկրի արդյունաբերական ոլորտի առաջատարի աշխատանքի պարապուրդը կազդի տնտեսական ցուցանիշների, արտահանման, հարկերի հավաքագրման վրա, կառաջանան սոցիալական խնդիրներ։

«Իդեալական տարբերակը կոմբինատի աշխատանքը հնարավորինս շուտ վերսկսելն է»,- ավելացրել է նախարարը։ Պապոյանն ասել է, որ տեղյակ է Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի մասին (կրակոցներ– խմբ.), բայց, իր տեղեկություններով, դա կապ չունի կոմբինատի աշխատակիցների գործադուլի հետ։