30 տարի չգիտեմ ինչ են բանակցել, ես մի բան գիտեմ, ես հայրենիքի զինվոր եմ, ես միշտ պայքարել եմ Արցախի համար, կյանքս դրել եմ, նորից դնելու եմ մինչև վերջ: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ անդամ, Արագածոտնի նախկին մարզպետ, այժմ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի զինվորական գծով խորհրդական Ռազմիկ Պետրոսյանը:
«Ես հավատս չեմ կորցրել ու մենք պիտի պիտի շարունակենք պայքարել: Մենք պիտի ուժեղանանք, կհզորանանք, ժամանակը կգա, մեր խոսքը կասենք:
1992 թվին էլ մենք տարածքներ կորցրել ենք, բայց մենք հավատք ունեցանք, դիմագրավեցինք, հավաքվեցինք, իրար շուրջ, ուժեղացանք, խնդիրը լուծեցինք: Հիմա ոչ թե մենք պիտի տրոհվենք, իրար բզկտենք, հակառակը, պիտի համախմբվենք իրար շուրջ, հավաքվենք, դառնանք բռունցք, ուժեղանանք, մեր բանակը հզորացնենք, ու բոլորին, ովքեր կփորձեն մեր երկրի հետ ուժային լեզվով խոսել, ուժային կպատասխանենք։
Բայց մինչև այդ մի խանգարեք, իմ խնդրանքն է՝ մի խանգարեք, հակառակը՝ սիրելով, համախմբված հավաքվենք իրար շուրջ ու օգնենք, որ բանակն ու պետություն հզորանան: Դա պիտի լինի մեր խնդիրը»: