Հոկտեմբերի 7-ին, ժամը 02.50-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի ծառայողները ոստիկանության Կենտրոնականի բաժին են բերել Վահագն Մ.-ին, որը ժամը 02.20-ի սահմաններում մոտենալով Երևանի քաղաքապետարանի դիմացի աստիճաններին՝ գոռացել է, թե «ուր է ոստիկանը» (այն դեպքում, երբ քաղաքապետարանի դիմաց ծառայություն իրականացնող ոստիկանները կանգնած են եղել հենց աստիճանների ներքևի հատվածում)։ Այս մասին ասվում է Ոստիկանության  տարածած հաղորդագրության մեջ:

«Ծառայություն իրականացնող ոստիկանները մոտեցել են Վահագն Մ.-ին՝ փորձելով պարզել, թե ինչ է կատարվում, ինչու է նա բղավում և աղմկում։ Պարզելով, որ քաղաքացին ալկոհոլի ազդեցության տակ է՝ ոստիկանները նախ փորձել են հանգստացնել նրան, կարգի հրավիրել, հետո էլ առաջարկել են իրենց օգնությունը, սակայն Վահագն Մ.-ն շարունակել է գոռգոռալ, ցավագին է ընդունել ոստիկանների դիտողությունները, անհարգալից վերաբերմունք դրսևորել։

Ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջները չկատարելու համար Վահագն Մ.-ն բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ նրա նկատմամբ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջների հատկանիշներով իրավախախտում կատարելու համար՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 259-261-րդ, 264-րդ հոդվածների իրավական հիմքով, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ, ինչպես և բացատրություն վերցնելու մասին արձանագրություն։

Վահագն Մ.-ն ենթարկվել Է նաև անձի սթափության վիճակի զննության, որի արդյունքում՝ նրա մոտ արձանագրվել Է ոչ սթափ վիճակ»։

 

Լուսանկարը` aravot.am