ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնում է, որ բանաստեղծ, արձակագիր Արան Հուսիկը չի ներկայացնում իրականությունը:

Փոխնախարարը մեզ հետ զրույցում պարզաբանում է այսօր Hraparak.am-ի կողմից հրապարակված «Արսեն Քարամյանը ստում է» հոդվածը նշելով.

«Ես հասկանում եմ, որ բանաստեղծը, գրողը քնարական զեղումներով է տարված և հնարավոր է, որ թվերի մեջ խճճվել և ապատեղեկատվություն է տարածել»:

Հիշեցնենք, որ բանաստեղծը հայտարարել է, թե ԵՊՀ շրջանավարտների միավորումն իր համար անակնկալ կերպով տեղեկացրել է, որ նա այլևս բնակարան չունի մատչելի բնակարաններ գրողներին, նկարիչներին, ստեղծագործողներին ծրագրի շրջանակներում:

Արսեն Քարամյանը տեղեկացրեց, որ իրական պատմությունը հետևյալն է.

«Բանն այն է, որ բնակարանի արժեքը 8 350 000 դրամ է, Արան Հուսիկը վճարել է 1 615 000 ՀՀ դրամ կանխավճար,իսկ բանկը պատրաստակամ է վարկավորել նրան 4 603 000 դրամի չափով: Վերջին երկու թվերի գումարից ստացվում է 6 218 000 ՀՀ դրամ, մինչդեռ բնակարանի արժեքը՝ 8 350 000 դրամ է, այսինքն ստացվում է, որ շահառուն ունենում է 2 132 000 ՀՀ դրամի չափով դեֆիցիտ, սա նշանակում է, որ այս գումարի չափով շահառուն պետք է համալրի իր կանխավճարը, որից հետո բանկը իր գործը կառնի քննության:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը ներկայացրել է շահառուի նախնական վարկունակության գնահատման թերթիկը և ոչ թե բանկի որոշումը՝ վարկային գիծ տրամադրելու մասին»:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ բանաստեղծի ներկայացրած բանկային թուղթը նախնական գնահատման թերթիկ է և դրա հիման վրա բանկը վարկ չի տրամադրում:

«Հիշյալ տեղեկանքի վրա կա հղում, որ նախնական գնահատումը դեռևս երաշխիք չէ վարկի հաստատման համար: Այսինքն շահառուն, պարտավոր էր համալրել իր կանխավճարը, որից հետո պետք է գնար «ՎՏԲ-Հայաստան Բանկ»՝ իր վարկի համար անհրաժեշտ փաստաթղթերը հանձնելու, որպեսզի բանկը ևս մեկ անգամ վերանայեր, հաստատեր վարկը, իսկ այնուհետև բանկը մեզ գրավոր կտեղեկացներ և եռօրյա ժամկետում կկնքվեր եռակողմ պայմանագիր՝ բանկի-շահառուի-երիտասարդ շրջաավարտների միավորման միջև: Քանի որ դեռևս 2012թ հունիս ամսին չի համալրել իր կանխավճարը, և այս ամբողջ ընթացքում որևէ քայլ չի ձեռնարկել՝ վճարումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար, դեռ ավելին, մեզ չի տեղեկացրել խնդրո առարկայի հետ կապված, չի հետևել մեր կայքի միջոցով տրվող ծանուցումներին, որ վերջնաժամկետ սահմանված է սույն թվականի սեպտեմբերի 30-ը, հիմա դարձել է պահանջատեր և չգիտես ումից, ինչ է պահանջում»,-իր խոսքում նշեց Արսեն Քարամյանը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ նախնական գնահատման թերթիկը ռուսերեն լեզվով է, մինչդեռ «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը իրենց շահառուների դեպքում տրամադրել է հայալեզու:

Ըստ Քարամյանի՝ սույն թվականի հունիսի 17-ին ԵՊՀ շրջանավարտների միավորումը «ՎՏԲ-Հայաստան Բանկ»- ում հարցում է կատարել ՝ տեղեկանալու, թե իսկապես Հուսիկ Արան, կամ նույն ինքը՝ Ֆելիքս Եղիազարյանը դիմել է վարկ ստանալու համար, սակայն բանկից բացասական պատասխան է ստացել:

«Մենք տեղեկանում ենք առ այն, որ Եղիազարյան Ֆելիքս Աղվանի անունով հաճախորդ բանկ չի դիմել, այսինքն նախնական վարկավորումի գնահատումից հետո չի կատարել կանխավճարի լրացումը և հետևաբար չի դիմել վարկ ստանալու համար»,-ասաց Քարամյանը:

Վերջինս անդրադառնալով իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե շենքը պատկանում է գրողներին, սակայն այն վերավաճառում են կողմնակի անձանց, Արսեն Քարամյանն ասաց.

«Այդ շենքը չի կոչվում գրողների շենք, դա կոչվոմ է «Երիտասարդ գիտնականների և ստեղծագործական միությունների անդամների» շենք: Գրողների շենք չունենք: Մենք այդ շենքում ունենք 25 գրող, 19 նկարիչ, 24 դերասան և 10 մարդ այլ ստեղծագործական միություևններից»:

Փոխնախարարը վերջում բոլորին կոչ արեց զերծ մնալ հանրությանը թյուրիմացությունների մեջ գցելուց, որովհետև դա կարող է առաջացնել իրավական հետևանքներ:

Հ.Գ. Մեր ընթերցողներին հայտնում ենք, որ Արսեն Քարամյանը մեր խմբագրություն է ուղարկել «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի կողմից արված հարցումը, որտեղ նշված է Ֆելիքս Եղիազարյան անուն-ազգանունով հաճախորդ իրենց չի դիմել և նախնական գնահատման թերթիկը, որտեղ նշված է, թե վարկ ստանալու համար ինչ է անհրաժեշտ անել: Այս պահին տեխնիկական խնդիրների պատճառով չենք կարող հրապարակել նշված փաստաթղթերը, սակայն անհրաժեշտության դեպքում կարող ենք տրամադրել: