Հունգարիայում ծնվել է երեխա, ում մոր ուղեղը դադարել է աշխատել ծննդաբերությունից մի քանի ամիս առաջ: Այս մասին գրում է Agence France Presse-ն:

Ինչպես հայտնել են գործակալությանը Դեբրեցեն քաղաքի համալսարանին կից բժշկական գիտական կենտրոնի ղեկավար Բելա Ֆուրեդին 31 ամյա կնոջ ուղեղը դադարել է աշխատել հղիության 15-րդ շաբաթում: Բժիշկները որոշել են պահպանել կնոջ օրգանիզմի աշխատանքը, որպեսզի երեխային ծնվելու հնարավորություն տան: Երեխան բացարձակ առողջ է ծնվել մոր գլխուղեղի աշխատանքի դադարից 92 օր հետո:

« Նա ծնվել է հղիության 27-րդ շաբաթում: Նա կշռել է 1.42 կիլոգրամ, սակայն եղել է առողջ»,- պատմել է Ֆուրեդին: Դրանից հետո անջատել են երեխայի մոր կյանք ապահովող տեխնիկան: Նորածինին վերցրել են հարազատները: Նրանց անունները, ինչպես նաև մոր և մանկան անունները չի նշվում: