ԱԺ արտահերթ նիստը՝ ՀՀԿ-ի կողմից տապալելը արհամարհական վերաբերմունք է հանրության նկատմամբ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ԲՀԿ  մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Այն պատգամավորները, ովքեր կազմակերպել էին այդ նիստը, ընտրվել էին շոշափելի արդար ճանապարհով և լեգիտիմությունից օգտվելով կարող են ներկայացնել հանրության կարծիքը և խոսել նրանց անունից: Հետևաբար, արհամարհանքն այդ խմբակցության, այդ պատգամավորների նկատմամբ, արհամարհանք է այն մարդկանց նկատմամբ, ում շնորհիվ էլ այդ պատգամավորները հայտնվել են խորհրդարանում», - նշեց նա:

Մեջբերելով արդեն հայտնի դարձած իր և վարչապետի հարց ու պատասխանից թևավոր խոսք դարձած արտահայտությունը, պատգամավորը նշեց.

«Նույնիսկ եթե հնարավոր է, ապա՝ ոչ: Էլ ինչ քննարկման մասին է խոսքը»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է կրկին արտահերթ նիստի պահանջ, պատգամավորը նշեց, որ ստորագրվել է հայտարարություն, որի կետերի համաձայն պետք է շարունակեն իրենց գործողությունները, համագործակցեն այն մարդկանց հետ, ովքեր պայքարում են ստեղծված իրավիճակի համար:

Անդրադառնալով երեկ ԱԺ ՀՀԿ ղեկավար Գալուստ Սահակյանի այն տեսակետին, թե այդ հարցի քննարկումը շիրմա էր, նա նշեց .
«Եթե դա շիրմա էր՝ ես ոչ մի ասելիք չունեմ»:

Նա նշեց, որ իրենք պայքարում են վիճակի փոփոխության համար, հավելելով, որ բարելավելու դեպքում իրենց քննադատությունը կուղղվի այլ կողմ:

«Կառավարության գործունեության անարդյունավետության մասին շատերն են խոսել: Եվ երբ որ մենք այդ հարցերը բարձրացնում ենք, շատ կեղծ և քաղաքավարի կերպով հնչում են պատասխաններ՝ մասնավորապես ջղագրգիռ վարչապետի կողմից, որոնք ըստ էության նյարդայնացած վիճակում բացահայտում են, պատռում են դիմակները, դեն են նետում բոլոր քողարկող միջոցները», - նշեց նա