Ինչքան էլ խոսենք, գրենք ու բարձրաձայնենք մեր ԱԺ պատգամավորների «փայլուն» վարքի ու «կոռեկտության» մասին, ա՛խ էլի քիչ է, ա՛խ քիչ է էլի:

Այսօր իր ողջ «հմայքով» ու «փայլով» մեկ անգամ ևս աչքի ընկավ ԱԺ-ի կոճակ սեղմող հերթական ՀՀԿ-ական պատգամավորը:

YerevanNews.am-ի լրագրողը ԱԺ պատգամավորներից հետաքրքրվում էր, թե ինչպես են պատրաստվում դիմավորել Ամանորը և ինչ սպասելիքներ ունեն գալիք 2014թ, այդ ընթացքում փորձեց զրուցել նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանի հետ, ով հասարակությանը հայտնի է «Սաս»-ի Արտակ մականունով:

Վերջինս ԱԺ-ում աչքի չի ընկել իր ելույթներով, օրենսդրական նախաձեռնություններով, կարգապահությամբ և քաղաքական տեսակետներ հնչեցնելով:

Քանի որ թեման այնպիսին էր, որի ժամանակ Արտակ Սարգսյանը ստիպված չէր լինելու ի ցույց դնել իր հանճարեղ մտքի գոհարները և ունեցած-չունեցած ողջ գիտելիքները քաղաքական անցուդարձից, որոշեցինք ԱԺ պատգամավորին ի վերջո տեսակետներ հնչեցնելու հնարավորություն տալ, բայց արի ու տես, որ Սասի Արտակը սա էլ շատ համարեց:

«Չեմ պատասխանում ես ձեր հարցերին, խի դուք չգիտեք»,-ԱԺ պատգամավորի պատասխանն այսպիսինն էր:

Լրագրող-Կոնկրետ մե՞ր հարցերին չեք ուզում պատասխանել, թե՞ առհասարակ լրագրողների:

Արտակ Սարգսյան-Կոնկրետ ձեր:

Լրագրող-Ինչո՞ւ, ո՞րն է խնդիրը:

Արտակ Սարգսյանն այլևս չխոսեց:

Հ.Գ. Մեր լրատվամիջոցն առհասարակ այս պատգամավորի հետ առաջին անգամ էր զրուցում, հետևաբար մեր հարցերին չպատասխանելու որևէ առիթ չուներ ԱԺ պատգամավորը: Այստեղ մնում է ենթադրել, որ Արտակ Սարգսյանի գիտելիքները բավարար չեն անգամ այս թեմայի մասին խոսելու համար:

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի