Այսօր ՌԴ Վլադիմիր մարզի Պոգոդինա 10 փողոցի վրա գտնվող հայկական եկեղեցու վրա տեղադրվել է գլխավոր գմբեթը:

Այժմ եկեղեցու շինարարությունը, որը սկսվել էր դեռևս 2004 թվականին, ավարտական փուլ է մտել:

Գմբեթի քաշը կազմում է շուրջ 7,5 տոննա: Այն բարձրացնելու և տեղադրելու համար Մոսկվայից հատուկ ամբարձիչ կռունկ են բերել:

Վլադիմիրի մարզի հայկական համայնքի ղեկավար Սերգեյ Յաժանը նշել է, որ սա բոլոր առումներով կարևոր իրադարձություն է, որին երկար տարիներ սպասել են: Ավելին` սա վերջին շաբաթների ընթացքում գմբեթը տեղադրելու երրորդ փորձն էր: Առաջին երկու ամբարձիչ կռունկները ի վիճակի չեն եղել այն բարձրացնել:

«Ինչպես ասում են, Աստված երրորդություն է սիրում, այսօր մեզ հաջողվեց տեղադրել գմբեթը: Հաջորդ նպատակակետը խաչի տեղադրումն է, սակայն այն արդեն կլինի գարնանը»,- նշել է Սերգեյ Յաժանը: