2013 թ.պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել էր 304,6 մլրդ դրամ կամ պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 26.4 տոկոսը:

Նախարարության միջոցով ֆինանսավորվող 61 ծրագրերի գծով փաստացի ֆինանսավորումը կազմել է շուրջ 54.8 մլրդ դրամ:

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, ամփոփելով նախորդ տարվա գործունեությունը, այս մասին նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա ներկայացրեց նախորդ տարվա հաշվետվությունն ու այս տարվա գերակա խնդիրները:

«2014թ. հունվարի մեկից պարտադիր կուտակային բաղադրիչի կիրարկումն ապահովելու նպատակով ամբողջացվել է նորմատիվ իրավական դաշտը, լիցենզավորվել են պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի երկու կառավարիչները», - նշեց նա:

Նախարարի խոսքերով, հունվարի մեկից հիմնական կենսաթոշակի չափը կազմել է 14 000 դրամ, միջին աշխատանքային կենսաթոշակի չափը կազմում է շուրջ 36 հազար դրամ, որի աճը շուրջ տասհինգ տոկոս:

«Հունվարի մեկի դրությամբ հաշվառված է եղել 516968 կենսաթոշակառու», - նշեց նախարարը:

Արտեմ Ասատրյանը նշեց նաև սոցիալական բնակարաներով ապահովման նոր քաղաքականության մասին և հայտնեց, որ այս տարվա հունվարի մեկի դրությամբ բնակարանի տրամադրված հերթացուցակում հաշվառված են 373 անձ:

Նախարարը նաև ներկայացրեց զբաղվածության ոլորտում տիրող իրավիճակը: Նախարարի խոսքերով, 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառվել է աշխատանք փնտրող 66269 անձ, որոնցից գործազուրկի կարգավիճակ է ստացել 55605-ը:

«Աշխատանքի է տեղավորվել 12650 անձ, որոնց 28.3 տոկոսը երիտասարդներն են: Տարեվերջին գործազրկության մակարդակը հանրապետությունում կազմել է 16.2. տոկոս՝ նախորդ տարվա 17.3 տոկոսի փոխարեն», - եզրափակեց նա: