ԱԺ նիստում քննարկվում է ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված ԱԺ չորս խմբակցությունների օրենսդրական նախաձեռնությունը՝ գազի պարտքի վերաբերյալ հաշվիչ հանձնաժողովի ստեղծելու մասին։ Մասնավորապես հանձնաժողովը պետք է քննարկի, թե ինչպես է կուտակվել 300 միլիոն դոլար պարտքը և ինչպես է ձեւավորվել գազի գինը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր ելույթում խոսելով այս հանձնաժողովի ձևավորման մասին, հայտնեց, որ դեռևս 4 տարի առաջ իրենց խմբակցությունը բարձրացրել է այս հարցը՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ ՀՀ-ի գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրելու համար:

«Այս քննարկումը ՀՅԴ-ի համար դեժավյու է: Որ ասում եք շուտ ասեիք, մենք էլ մանրամասն կքննարկեինք և կհասկանայինք, հարգելի գործընկերներ, կներեք, բայց մենք հիմք չունենք հավատալու այդ անկեղծությանը, քանի որ այս ամենի մասին մենք խոսել ենք դեռևս չորս տարի առաջ: Չորս տարի առաջ ասել ենք, հիմա ասում եք շո՞ւտ ասեիք»,- ասաց Արմեն Ռուստամյանը և հավելեց, որ այն ժամանակ ասում էին, որ դրա անհրաժեշտություն տեսնենք, ապա կստեղծենք:

«Մենք, եթե տեսնինք այդ խնդիրները, ապա կստեղծեինք : Եթե դրա անհրաժեշտություն կար, ինչի՞ չենք ստեղծել, ուրեմն չկար չէ դրա անհրաժեշտությունը»,- իշխանության խոսքերը այսպես վերհիշեց Արմեն Ռուստամյանը և հավելեց, որ, եթե չորս տարի առաջ ստեղծեինք, ապա նման խնդրի առաջ այսօր չէինք կանգնի:

«Սուսուփուս, գաղտագողի ինչ ասես չեն անում, և մենք հիմա այս վիճակի առաջ ենք կանգնած: Սա միանանակ ունի քաղաքական պատճառ և այն հետևյալն է. Երբ ամեն կերպ ուզում եք իշխանությունը պահեք»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

ՀՅԴ պատգամավորն ասաց, որ իշխանությունը հիմա թաքուն պահելու գինն է վճարում, բայց դա վճարում են ժողովրդի հաշվին:

«Հիմա կապիտուլիացիոն ձևով ստիպում են ստորագրել պայմանագիր: Եղբայր, ավելի լավ էր 20տոկոսը նվիրեինք, դա ավելի արժանապատիվ կլիներ: Ինչի ենք նվիրելու հետ միասին այդ երկրին մոնոպոլ դարձնում մեր երկրում»,-ասաց Արմեն Ռուստամյանը: