Մեծ Պահքն այս տարի կիսվում է մարտի 26-ին և կոչվում է միջինք:

Միջինքին Մեծ պահքը չի ընդհատվում: Այսինքն, պահեցողները շարունակում են պահել պահքը:

Ըստ Մաղաքիա արք.Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Դ (չորրորդ) չորեքշաբթի կամ Մեծ պասի 24-րդ օրը: Միջինքից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:

Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի այդ դրամը, այդ տարի հաջողություն կունենա:

Մեր պահք պահող ընթերցողներին ենք ներկայացնում նաև պահոց բաղարջի բաղադրատոմս:

Միջինքի բաղարջ (Տապլա)` Մեծ Պահքի համար
10 հոգու համար.

1 կգ ալյուր, 100 գր. մեղր, 150 գր. ձեթ, 200 գր. ջուր, 12 գր. սոդա, 20 գր., աղ:

Բարձրորակ ալյուրով, մեղրով, աղով, ձեթով, խմորի սոդայով և գոլ ջրով, առանց երկար հունցելու պատրաստել պինդ խմոր, ծածկել խոնավ շորով և թողնել հանգստանալու 15-20 րոպե:

Ապա խմորի որևև հատվածում կարելի է դնել արծաթյա դրամ կամ փայտե խաչ, գրտնակել 1-1.5սմ հաստության կլոր շերտով, կողքերը կսմթելով նախշել, երեսին պատառաքաղով գծեր քաշել, մի քանի տեղից ծակել, մեղր քսել և թխել թոնրում կամ փռում:

Մատուցում են ընթրիքին, այն բաժանում են այնքան կտորների, որքան ընտանիքի անդամների թիվն է:

Նյութի  աղբյուրը՝ Qahana.am