Նախախորհրդարանը, առաջ քաշելով համակարգից դուրս պայքարելու գաղափարը՝ ամիսներ առաջ մեր ժողովրդին ներկայացրեց երկրում առաջացած իրավիճակից դուրս գալու և համակարգային փոփոխությունների հասնելու ծրագիր, որի գլխավոր դրույթները կարելի է ամփոփել հետևյալ 3 քայլերի մեջ՝ ռեժիմի հեռացում, անցումային կառավարում և արտահերթ ընտրություններ: Այս մասին ասվում է կառույցի տարածած մամուլի հաղորդագրությունում:

Նշված քայլերը կատարելու համար ժողովրդի ուժը համախմբելու և գործադրելու նպատակով անհրաժեշտ է ժողովրդի իշխանությունը յուրացնող պետական կառավարման համակարգից դուրս այլընտրանքային ընտրությունների միջոցով ստեղծել ժողովրդի կամքը ներկայացնող մարմին: Այդ մարմինը կդառնա նոր Հայաստանի Հիմնադիր խորհրդարանը, որը վարչախմբին հեռացնելոց հետո անցումային շրջանում իր ստեղծած ժամանակավոր կառավարության հետ միասին կստանձնի պետության կառավարումը, իսկ անցումային շրջանի ավարտին կկազմակերպի արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքներով կձևավորվեն արդեն Սահմանադրությամբ նախատեսված համապատասխան մարմինները:
Հիմնադիր խորհրդարանի պագամավորության թեկնածու դառնալու համար կարող են ինքնառաջադրվել ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայերը, եթե նրանք համապատասխանում են թեկնածուին ներկայացվող չափանիշներին: