Երեկ լրատվամիջոցներից մի քանիսը հրապարակել էին, թե իբր Դավթաշեն համայնքում «Դեյզի» այգու ծառերը հատվել են ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի կողմից:

YerevanNews.am-ը զրուցեց ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հետ` տարածված լուրերը պարզելու համար:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը.

-Լուրեր են տարածվել, թե Դավթաշեն վարչական շրջանի բնակիչները բողոքել են, որ «Դեյզի» այգու ծառերը Ձեր կողմից հատվել են: Արդյո՞ք խոսակցությունները համապատասխանում են իրականությանը:

-Դավթաշեն համայնքից բողոք երբեք չի կարող լինել, դա երևի ինչ-որ անհատներ են այդ բողոքները կազմակերպել, քանի որ Դավթաշենի ողջ բնակչությունը տեղյակ է, թե այդտեղ ինչ է կառուցվում:

Նախկին այգին քարքարոտ տարածքի մեջ էր և ես եղել եմ այդ այգու հիմնադիրը: Այն ժամանակ չկային նորմալ ժամանակակից, մշտադալար ծառեր, այգին ձևավորել էր հին ծառատեսակներով: Այսօր հնարավորությունը մեծ է, ամբողջ տարածքում ես այսօր հիմնադրում եմ մանկական ֆունկցիոնալ կենտրոն, որի նմանը մինչև այժմ չկա Հայաստանում, իսկ ամբողջ շրջակա տարածքը, որն ամբողջովին շրջապատված էր անմխիթար ծառերով, ես այսօր վերափոխելու եմ մշտադալար այգիով: Այդ մասին ողջ դավթաշենցիները գիտեն:

-Պարոն Գևորգյան, ըստ Ձեզ, այս խոսակցությունները, ինչի՞ հետ են կապված և ինչու՞ է հատկապես հիմա մամուլում նման խոսակցություններ տարածվել:

-Դա անհատ մարդիկ են, ովքեր բամբասնաքով են տարված, որոնք երևի մի ծառ անգամ տնկած չկան: Եթե այսօր Դավթաշենը կանաչով պատված է և կանաչ համայնք է համարվում, ապա դա իմ շնորհիվ է, քանի որ Դավթաշենի ամեն մի ծառը տնկվել է իմ ձեռքով: 52 հազար ծառ եմ տնկել իմ ձեռքով, դա այն ժամանակ, երբ որ Դավթաշենը փոշու և կեղտի մեջ էր, այնպես, որ ծառով ու թփով եմ ապրում, դա իմ կյանքի կեցությունն է: Դա բամբասանք է ընդամենը, 1 տարի հետո բոլորը կտեսնեն, թե այդտեղ ինչ մանկական կենտրոն է լինելու, այն ժամանակ բամբասողները երևի իրենց գլուխները կմտցնեն մի հարմար տեղ: Դա պարզապես ավագանու ընտրությունից առաջ թույլերի կողմից հակադրություն ստեղծելն է`    իմ և իմ կազմակերպության դեմ: Ոչ մի բամբասանք իր արդյունքը չի տա, քանի որ դավթաշենցին քաջ գիտի ինձ, որ ես Դավթաշենի հիմնադիրներից եմ և ամբողջ Դավթաշենի կանաչապատումը իմ ձեռքով է ստեղծվել: Բոլորը քաջ գիտեն, եթե մի ծառ կտրվի, ուրեմն 11-ը տնկվելու է, եթե մի անորակ ծառ կտրվի, ուրեմն ժամանակակից ամենաորակյալ ծառն է տնկվելու: Դա պարզապես քաղաքական «հարձակում» է ավագանու ընտրություններից առաջ:

-Պարոն Գևորգյան, դուք նշեցիք, որ այն ամենն իրականում ձեր դեմ ուղղված քաղաքական «հարձակում» է, արդյո՞ք կան կոնկրետ քաղաքական գործիչներ, ովքեր կանգնած են այս ամենի ետևում:

-Ես չեմ ուզում շեշտադրել, բայց ընտրությանը մասնակցում են տարբեր ուժեր, գուցե և տարբեր ուժերի ներկայացուցիչներ ստիպված նման քայլերի դիմեն, որպեսզի բնակչության մեջ թյուրիմացություն մտցնեն: Սրանք մանր բամբասկոտ խոսակցություններ են, որոնց հեղինակներն անգամ իրենց հարևանի համար մի չոփ անգամ ներդրում չեն արել: Ինչ-որ հարցեր հետապնդող մարդկանց բամբասանքի արդյունքն է կամ պարզապես մարդուն սևացնելու ցանկություն է: Ամեն մի լավ գործ սևացնելը, դա թույլերին բնորոշ քայլ է:

-Այնուամենայնիվ, այգում կա՞ն ծառեր, որոնք հատվել են:

-Բոլոր այն հին ծառերը, որոնք ալերգիկ են համարվել և ընդհանուր առմամբ նրանք պիտանի չեն եղել, բոլոր այդ ծառերն, այո հատվում եմ, որոնց փոխարինելու են մշտադալար ծառերը: Մենք ունենք նախագիծ, որն էլ փաքցված է պատին: Այս այգու ծառահատման մասին արդեն 6 ամիս է ինչ համապատասխան մարմինները, թե քաղաքապետարանից, թե նախարարությունից եկել, տեսել են և բոլորը մանրակրկիտ ծանոթ են այս տարածքում կառուցվելիք մանկական ֆունկցիոնալ կենտրոնի մասին և իրեն շրջապատող մշտադալար այգու մասին: Ես նորից եմ կրկնում, դա լինելու է նախադեպը չունեցող մի այգի: Դրանք ես համարում եմ քաղաքական բամբասանք` Երևանի ավագանու ընտրություններից առաջ:

 -Ի՞նչ գումարի ներդրում եք կատարել մանկական կենտրոնը հիմնելկու համար:

- Կատարվում է մոտ 10 մլն դոլարի չափով ներդրում, արդյո՞ք սա դավթաշենցիների համար չէ: Ամբողջն իմ ընտանիքն է ներդրել, կողմնակի ներդրում չի լինելու կենտրոնի կառուցման համար: Այգին իմ աղջկա` Արմենուհի Գևորգյանի սեփականութուն է եղել, որը բնականաբար իմ օգնությամբ է իրականացրել և ներկայիս կառուցվող մանկական կենտրոնն էլ իր նախաձեռնությունն է, որը գործելու է իր ղեկավարությամբ:

 -Ձեր աղջիկն ունի՞ կուսակցական պատկանելիություն:

-Այո, աղջիկս Դավթաշեն համայնքի ԲՀԿ տարածքային կառույցի նախագահն է և Երևան քաղաքի ներկայիս ավագանու անդամ:

-Ինչ է, չե՞ք վախենում, որ այս տնտեսական ճգնաժամի ժամանակահատվածում հետ չեք բերի ներդրած գումարները:

-Ես հոգու մարդ եմ և իմ ընտանիքի հետ կառուցող, ինչպես պատերազմից հետո հանրապետությունում առաջին կառուցվող եկեղեցու համար ներդրում արեցի` կառուցելով Դավթաշենի կամուրջին հարակից «Սրբոց Նահատակաց» եկեղեցին և չակնկալելով երբեք նման բարեգործ կառույցից ոչ մի ներդրած գումարի վերադարձ, այնպես էլ նույն խորհուրդն ու իմաստն է իր մեջ պարունակում այսօրվա այս մանկական կենտրոնի կառուցումը: Կլինի ներդրման գումարի վերադարձ, թող լինի, ավելի լավ, եկածը մեկ ուրիշ տեղ ներդրում կանենք, չի լինի, համեյանդեպս ցավ չենք ապրում դրանում, ոչ թե նրանում, որ ներդրած գումարին չենք ափսոսում, այլ ինչպես ես, այնպես էլ իմ ընտանիքի անդամները կարևորում ենք ոչ թե նյութական, այլ հոգևոր արժեքները:

-Պարոն Գևորգյան, մանկական այդ կենտրոնի ստեղծումը, ի՞նչ է տալու համայնքի բնակիչներին:

-Այս կառույցից հետո Դավթաշենը էլ ավելի զարգացում է ապրելու, քանի որ ողջ քաղաքի բնակիչները հաճախելու են Դավթաշեն և հետևաբար շփումը Դավթաշենի հետ ավելի սերտ է լինելու, որից շահելու միայն դավթաշենցին: Ինչ-որ կառուցվում է, ի նպաստ Դավթաշեն համայնքի է արվում: Եթե ես քանդող լինեի, այն ժամանակ իմ սեփական տարածքի վրա այգի չէի հիմնի, դրա փոխարեն մի հատ խաղատուն, սուպերմարկետ կսարքեի: Ի դեպ, այդ ստեղծվելիք մանկական կենտրոնը ապահովելու է ամենաքիչը 350 աշխատատեղ:

Զրուցեց` Անի Բաղդասարյանը