Թուրքիայում «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով շարունակվում է պետական պաշտոնյաների հանդեպ քննությունը: Այն հասել է նոր էտապի, հայտնում է taraf.com.tr կայքը: 

Ստամբուլի ոստիկանապետ Ջելալեթթին Ջերրահի հարցաքննվելու թույլտվությունից հետո Տրապիզոնի պաշտոնյաների հարցաքննությունները միավորել են Ստամբուլում քննվող գործին: Փաստորեն Հրանտ Դինքի սպանության գործին տեղյակ լինելուն և չկանխելու համար մեղադրվող պետական պաշտոնյաների գործերը քննվելու են մի հարկի տակ: 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից հետո Թուրքիայի արդարադատության նախարարությունը թույլատրել էր հարցաքննել մի շարք պաշտոնյաների:

Հարցաքննվելու են Թուրքիայի հետախուզության այդ ժամանակվա պետ Ռամազան Աքյուրեքին, Տրապիզոնի ոստիկանապետ եղած Ռեշաթ Ալթային, Ոստիկանության հետախուզական վարչության ղեկավարներից Էնգին Դինչին, Ֆարուք Սարըին, Էրջան Դեմիրին, Օզքան Մումջուին, Մուհիթթին Զենիթին, Մեհմեթ Այհանին: