Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Ալի Հայդարը վարչապետ Ահմեթ Դավութօղլուին գրավոր հարցապնդում է ուղղել՝ հարցնելով, թե նորակառույց նախագահական պալատն արդյոք փախուստի ստորգետնյա ճանապարհ ունի:

Ինչպես տեղեկացնում է CNNTurk-ը, ընդդիմադիրն ընդգծել է, որ նորակառույց պալատի վրա ծախսվել է 500 մլն դոլար: «Արդյոք այդ պալատը կառուցողների խիղճը հանգի՞ստ է: Այս պալատում ստորգետնյա փախուստի ճանապարհ կա՞»,-հարցրել է նա:

Նա նաև խստորեն դատապարտել ու քննադատել է նման պալատի կառուցումը:
«Օրենքները խախտելու ճանապարհով կառուցված այս շինությունը ժողովրդի մեջ «Փախստական պալատ» անվանումն է ստացել, և, Էրդողանի խոսքով, 500 մլն դոլար է արժեցել: Այն դեպքում, երբ Թուրքիան իր ազգային արժույթն ունի, ուրեմն ինչո՞ւ է ԱՄՆ-ի արժույթով ներկայացվում: Գուցե պատճառն այն է, որ միլիարդի փոխարեն միլիո՞ն ասվի»,-ասել է նա:

Հիշեցնենք նաև, որ  Ակ Սարայը  իր չափերով ավելի մեծ է, քան Վաշինգտոնում՝ Սպիտակ տունը, Մոսկվայում՝ Կրեմլը և նույնիսկ Վերսալի պալատը: Պալատի շքեղ մարմարե միջանցքները հագեցած են ժամանակակից էլեկտրոնային համակարգերով, որը  կանխում է գաղտնալսումը: