ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում երեկ՝ նոյեմբերի 12-ին, ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի «ՄԻ-24» ուղղաթիռի կործանման հետ կապված միջադեպին: Նա կոչ է արել խուսափել իրավիճակի հետագա սրումից և մերժել պատերազմը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

«Լեռնային Ղարաբաղում առավել լայնամասշտաբ հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում: Կողմերը պետք է խուսափեն իրավիճակի հետագա սրումից և մերժեն պատերազմը՝ որպես տարբերակ»,- գրել է ամերիկացի համանախագահը:

Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ լուրջ մտահոգություն են հայտնել շփման գծում ԼՂՀ օդուժի ուղղաթիռի կործանման և վերջին բռնությունների առնչությամբ: Նրանք, մասնավորապես, կոչ են արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը և հիշեցրել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին իրենց պատասխանատվության մասին` հարգելու հրադադարը և կատարելու հակամարտության կարգավորման խաղաղ տարբերակ գտնելու իրենց պարտավորությունները:

Հիշեցնենք, որ Ադրբեջանակա լրատվամիջոցները հաղորդում են, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից ղարաբաղյան օդային ուժի ուղղաթիռի խփման փաստի վերաբերյալ: