Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի նորանշանակ հայազգի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանի հայտարարությունները «Մեծ կաշառք»-ի վերաբերյալ դժգոհություն են առաջացրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների մոտ: Նրանք բողոքներ են ուղղվել երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին՝ պահանջելով ազատել նրա նորանշանակ գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանին։

Պատգամավորների մոտ խուճապ է առաջացրել Մահչուփյանի այն հայտարարությունները, որոնցում նա ասում է, թե ժողովուրդը հավատում է, որ իշխող կուսակցության անդամները ներգրավված են եղել «Մեծ կաշառք»-ի գործում։

Նշենք, որ 2013-ի դեկտեմբերի 17-ին Թուրքիայի մի շարք վայրերում տեղի է ունեցել համաժամանակյա գործողություն, որը ստացել է «Մեծ կաշառք» անունը։ Գործողության ժամանակ ձերբակալվել և այնուհետ կալանավորվել են նախարարների որդիներ, գործարարներ և պաշտոնյաներ։

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 25-ին հայտարարվել էր պոլսահայ գրող, լրագրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանը նշանակվել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական։ «Նման առաջարկը մերժել չէի կարող»,- ասել է Էթյեն Մահչուփյանը, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդականը դառնալու իր որոշմանը: