Թուրքական Sözcü պարբերականը գրում է, որ Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությանն առնչվող պաշտոնյաների՝ տեղյակ լինելու ու չկանխելու հարցերով քննությունը շարունակվում է:
Քննությունն իրականացնող Ստամբուլի ահաբեկչության և կազմակերպված հանցավորության վարչության ղեկավար Յուսուֆ Հաքքը Դողանը երեկ որպես կասկածյալ հարցաքննության է կանչել ոստիկան Բահադիր Թեքինին: Սակայն նա իրեն ուղղված մեղադրանքները չի ընդունել:

Հարցաքննության է կանչվել նաև Տրապիզոնի ոստիկանության պետ Ռեշաթ Ալթայը: Ալթայը հաջորդ շաբաթ ցուցմունք է տալու Թուրքիայի արդարադատության պալատում:

Ենթադրվում է, որ նրան հարցաքննության են կանչել Դինքի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Յասին Հայալի տված ցուցմունքի հիման վրա:

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին, Ստամբուլում։