Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված ապրիլքսանչորսյան հրավերը զայրացրել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներին:

«Ակօս»-ը ներկայացրել է հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների կարծիքները:

Սիլվա Օզյերլի. Էրդողանը կարծես ծաղրում է

Էրդողանի հրավերը խայթող է: Ես դա որպես ծաղր եմ ընդունում: Ինչ որ մեկի մահվան, գոյություն չունենալու վրա կառուցված հաղթանակից են խոսում: 1915թ.-ին Գալիպոլիում (Չանաքքալե) տարբեր ազգերի զոհվելու մասին մինչ այժմ ինչո՞ւ չէր խոսվում: Մեկ տարի առաջ ընդհանուր ցավի մասին խոսող Էրդողանն այժմ կարծես ծաղրելով այդ կարևոր օրը Սերժ Սարգսյանին է հրավիրում:

Միսաք Հերգել. Էրդողանը պետք է Հայաստան գնա

Առաջին բանը, որ գալիս է միտս, այն է, որ Սերժ Սարգսյանն այս հրավերին պետք է այսպես պատասխանի. «Մենք ձեզ կսպասենք: Նախ դուք եկեք, հետո՝ կտեսնենք ինչ կլինի»:

Նախագահ Էրդողանը տարբերվող գործիչ է: Չգիտեմ, գուցե այդ տարբերությունը ստեղծողները նրա խորհրդականներն են: Անցյալ տարի իր ցավակցական ուղերձով զարմացրել ու կռիվ էր գցել հայերի միջև: Այժմ էլ այս հրավերով է ցանկանում նույնն անել:

Գայուշ Չալըքման Գավրիլոֆ. Անամոթ քայլ էր

Մտածում էի՝ Թուրքիան 2015թ.-ը հնարավորինս լուռ, հանդարտ կանցկացնի, սակայն պետությունը չափազանց անամոթ, երեսպաշտ կեցվածք դրսևորեց: Կառավարությունը սրանից առաջ էլ հայերի համար կարևոր ամսաթվերին այլ օրակարգ ստեղծելով՝ փորձել է ուշադրություն շեղել:

Կարո Պայլան. Աղետը չպետք է անտեսվի

1915թ.-ի ապրիլի 24-ին 200 հազար հայեր ձերբակալվեցին, և դա ցեղասպանության սկիզբը դարձավ: Մի ժամանակ երկրի 20 տոկոսը կազմող հայերի գլխին եկած աղետն անտեսող նախագահի ասածների անկեղծությունը կասկածի տակ է:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակի, որտեղ Թուրքիայի նախագահը Հայաստանի Հանրապետության Նախագահին հրավիրել է ս.թ. ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, պատասխան նամակ է հղել, որտեղ մասնավորապես ասված է. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»: