Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երկրի ազգային փոքրամասնությունների հետ հանդիպում-ընթրիքի ընթացքում հայտարարել է, թե մտադիր են «փոքրամասնություն» գաղափարը հանել երկրի սոցիալական կյանքից, տեղեկացնում է Cihan լրատվական գործակալությունը:

«Մենք վճռական ենք այդ հարցում: Դուք այս հողերի իրական զավակներն եք, դրսից չեք եկել: Ձեր ավանդույթներն այս հողերում են եղել: Այս հողերում էլ շարունակելու են ապրել»,- ասել է նա:

Դավութօղլուն ընթրիքի է հրավիրել երկրի ոչ մուսուլման փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

Անկարայում կայացած հանդիպման ընթացքում Դավութօղլուն նաև խոսել է «պատմության գեղեցիկ հուշերի», մշակութային ընդհանրությունների մասին:

Նա ընդգծել է, որ հայկական առաջին վեպը թուրքերեն է գրվել, և դա մոռանալ պետք չէ:

«Նույն կերպ էլ չպետք է աչքաթող անենք այն, որ թուրքական երաժշտության մեջ հայկական գործոնը որքան մեծ է եղել: Չպետք է մոռանանք, թե հրեական, հունական մշակույթները մեր մշակույթի հետ ինչպես են ներդաշնակության մեջ եղել: Դա մեր պատմությունն է»,-ասել է Դավութօղլուն: