Ս.թ. մայիսի 5-ին Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել Ադրբեջանական Հանրապետության տեղաբնիկ ժողովուրդների իրավունքների խախտումների, նրանց նկատմամբ կիրառվող երկակի ստանդարտներին նվիրված կոնֆերանս, որտեղ Թալիշական ազգային շարժման ղեկավար Ալիքրամ Հումմաթովի խոսքն ընթերցել է իր որդին:

Ելույթի ընթացքում կրտսեր Հումմաթովն անդրադարձել է թալիշների հիմնախնդիրներին` նշելով, որ Ադրբեջանի օլիգարխիկ համակարգը բնիկ ժողովուրդներին զրկել է Ադրբեջանական Հանրապետության տարածքում իր մայրենի լեզվով խոսելու, իր ազգային մշակույթը զարգացնելու, իր պատմական հայրենիքի` Թալիշստանի, բնական բարիքներից օգտվելու հնարավորությունից, որի պատճառով հարյուր հազարավոր թալիշներ ստիպված արտագաղթել են իրենց հայրենիքից:

Իհարկե, յուրաքանչյուր ժողովրդի երազանքն է` ունենալ անկախ, ժողովրդավարական, տնտեսապես զարգացած երկիր, սակայն, դրան հասնելու համար պետք է նախ ունենալ ազգային գերնպատակ, հետևողական պայքար տանել դրանց հասնելու համար:

Թալիշական ազգային շարժման ներկայացուցիչը` որպես բնիկ ժողովուրդների առջև ծառացած ազգային, սոցիալ-տնտեսական խնդրների իրատեսական լուծման տարբերակ, առաջարկում է Նախիջևանի օրինակով Թալիշստանին, Ավարստանին և Լեզգիստանին տալ ինքնակառավարման իրավունք:

Այս թեզի առաջ քաշումը, հատկապես, շատ կարևոր է այն տեսանկյունից, որ այն հնչեցվում է Եվրոպական խորհրդարանի պես բարձր ամբիոնից, որտեղ ի ցույց են դրվում Ադրբեջանի իշխանությունների իրական նպատակները, որոնք թալիշաբնակ շրջանների սոցիալ-տնտեսական ծանր պայմանները բարելավելու փոխարեն եվրոպական լսարանին հաճոյանալու նպատակով զբաղված են դեմագոգիայով:

Ադրբեջանի իշխանություններն առկա խնդիրը լուծելու փոխարեն ոչ թե փորձում են լուծել թալիշների սոցիալ-տնտեսական խնդիրներն, այլև նպատակաուղղված այնպիսի քաղաքականություն են վարում, ինչի հետևանքով թալիշաբնակ շրջաններն աստիճանաբար նոսրանում են: Ադրբեջանական Հանրապետության իշխանությունները խտրական վերաբերմունք են ցուցաբերում թալիշների նկատմամբ, դա հատկապես նկատվում է թալիշ զինվորներին առաջին գիծ ուղարկելու ժամանակ: Բացի այդ՝ թալիշաբնակ շրջաններում տիրող սոցիալ տնտեսական ծանր պայմանների պատճառով թալիշ երիտասարդները նախընտրում են իրենց ապագան կառուցել հայրենիքից դուրս:

Ա.Հումմաթովի որդու հայտարարությունը նաև իր մեջ այն ՛՛մեսիջն՛՛ է պարունակում, որ ժամանակն է, որպեսզի թալիշների ազգային խնդիրներով զբաղվի արդեն երիտասարդ սերունդը: Ավագ սերունդն անգնահատելի գործ է կատարել և կատարում թալիշների շրջանում ազգային ինքնագիտակցության բարձրացման գործում, այժմ հերթը երիտասարդներին է, հենց նրանց ջանքերով պետք է թալիշների խնդիրների մասին բարձրաձայնվի միջազգային ատյաններում, պետք հետևողականորեն պայքարել, որպեսզի եվրոպական ժողովրդավարական պետությունները ճշգրիտ իրավական գնահատական տան Ադրբեջանում թալիշների իրավունքների ոտնահարման հարցերի վերաբերյալ:

Ակնհայտ է, որ եթե տվյալ ազգը չբարձրաձայնի իր իրավունքների մասին, դիմացինից չպահանջի հարգել իրեն, իր լեզուն և մշակույթը, ապա մեկ ուրիշը երբե՚ք դա չի կատարի իր փոխարեն:

Իսկ այսօր մենք ուրախությամբ կարող ենք փաստել, որ թալիշների ձայն ավելի լսելի է քաղաքակիրթ աշխարհում, ինչը հաջողության հասնելու լուրջ գրավական է:

Չպետք է հուսահատվել, եթե վերջնական նպատակն ազատ անկախ Թալիշստանն է, ապա դրա համար պետք է հետևողական պայքար, խոսքը չի վերաբերում նրան, թե պետք է զինված ապստամբություն կազմակերպել, յուրաքանչյուրն իր տեղում պետք է օգտակար լինի ընդհանուր գործին, ճիշտ գնահատի իրականությունը:

Այսօր թալիշների առջև ծառացած թերևս միակ խնդիրը՝ դա միասնության բացակայությունն է, վերջնական նպատակին հասնելու համար անհրաժեշտ է միավորել տարբեր մոտեցումներ ունեցող թալիշական խմբերի և կազմակերպությունների ջանքերը: Եթե այս պահին թալիշների շահերից բխում է ինքնավարությունը, ապա պետք է ջանքերը գործադրել ինքնավարություն ձեռք բերելու ուղղությամբ, ի վերջո ինքնավարությունը կամ առանձին մարզի կարգավիճակ ստանալը անկախության հասնելու ճանապարհներից են...

Անկախություն ասելով, անկախություն ձեռք չես բերի, պետք է ձգտես այդ անկախությանը, պետք է պայքարես այդ անկախության համար...