Ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետարանի դիմաց անհայտ կրակոցից սպանված դաշնակցական Հրաչ Մուրադյանի մրցակից գյուղապետի թեկնածու ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը դեպքի օրը մոտ 3 տասնյակ գյուղացիների հետ հարցաքննվել է ոստիկանությունում:
Նշենք, որ անցյալ տարի Պռոշյանի գյուղապետի ընտրությունից հետո վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել ընտրված Հրաչ Մուրադյանի ու պարտված մրցակից Արթուր Մուրադյանի միջև:
Ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի զրույցը ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանի հետ:
- Պարոն Մուրադյան, ո՞րն է Ձեր գնահատականը գյուղապետ Հրաչ Մուրադյանի հետ կատարվածի առթիվ:
- Շատ վատ գնահատական է իմ գնահատականը, ո՞րը պիտի լինի:
- Գյուղացիների շրջանում մեղադրանքներ կան եւ՛ Հանրապետականի հասցեին, և՛ որոշակիորեն Ձեր հասցեին, որ Դուք լարված հարաբերություններ, վիճաբանություն եք ունեցել գյուղապետի հետ:
- Ուրեմն ասեմ' դրանք սխալ կարծիքներ են, սխալ մեկնաբանություններ են: Մենք ընդհանրապես, ես անձամբ կամ Հանրապետականը ոչ մի կապ չենք ունեցել: Ընտրություններն անցել են խաղաղ, հանգիստ: Ինքը իր ժողովրդի հետ, ոնց որ ես, ձայներ է բավարարել, մենք էլ համաձայնվել ենք, որ ինքը արդար ձևով կրել ա: Ես իրա հետ հարաբերություններ եմ ունեցել, բարև, բարի լույս, ոչ մի տարաձայնություն էլ չի եղել մեր միջև:
- Գյուղացիներն ասում են, որ որոշ ժամանակ առաջ վիճաբանություն է եղել ձեր միջև, անգամ կրակոցներ են եղել գերեզմանատանը:
- Սուտ են ասում: Տենց բան չի եղել ընդհանրապես: Եթե ասող կա, թող գա կանգնի, բացահայտ ցուցմունք տա, որ տենց բան ա եղել: Ընդհանրապես նման բան չի եղել: Ընդհանրապես խոսք-խորաթա չի եղել:
- Սակայն այդ մասին մամուլում է գրվել, որ ընտրություններից հետո եղել է վիճաբանություն ձեր միջև:
- Չէ՛, չէ՛, 100 տոկոսով չի եղել: Էդ ես ձեզ վստահեցնում եմ ամեն ձևով: Ես ձեզ կարող եմ ապացուցել, մենք մի ջոկատից ենք եղել, հանդիպել ենք, ձեռքով բարև էլ ենք տվել, ոչ մի տենց բան էլ չի եղել: Ժողովուրդն ա, ասեկոսեները, գիտեք, բամբասում են, տենց բաներ խոսում են: Եթե ապացույցներ կան, թող ապացուցեն: Ես հերքում եմ, որովհետև հնարավոր չի տենց բան եղած լինի:
- Իսկ Ձեր տարածքի ՀՀԿ պատասխանատու Գուրգեն Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղապետի ընտրություններից հետո վեճ եղել է ձեր միջև, բայց երեխայի հետ կապված է եղել:
- Մեր մեջ ոչ մի քաղաքական բան չի եղել: Կարող է իմ ընկերոջ երեխան իր երեխայի հետ վիճաբանել է, բայց դա քաղաքական բան չի, ոչ էլ տարաձայնություն: Ի՞նչ կապ ունի, եթե երեխան երեխուն բրթել ա, ասենք' մի խոսակցություն ա եղել դպրոցում: Դա եղել ա գյուղապետի ընտրություններից երկու օր հետո:
- Այսօր Դաշնակցությունը հայտարարում է, որ սա քաղաքական սպանություն է: Ո՞րն է Ձեր գնահատականը:
- Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, ես ի՞նչ իմանամ, դա սպանություն ա, բայց էդտեղ քաղաքական ոչ մի բան ես չեմ տեսնում:
- Կարծում եք' քաղաքական դրդապատճառներ չկայի՞ն:
- Ես չգիտեմ, ես իրա հետ ոչ շփվել եմ, ոչ էլ գիտեմ: Քաղաքական ինչ-որ մեծ տարաձայնություն չի եղել: Էդքան բան կարող եմ ասել:
- Իսկ Ձեր միջև տնտեսական խնդիրներ եղե՞լ են:
- Ընդհանրապես մենք հարց-պատասխան իրար մեջ չենք ունեցել: Կիսելու ոչ մի բան չկա, ոչ էլ ինչ-որ ֆինանսական կամ եսիմ ինչ հարցեր:
- Տեսակետներ կան, որ ինքը բավական ինքնուրույն գյուղապետ էր, ինքնուրույն ֆինանսական միջոցներ էր հայթայթել հովանավորության հետ կապված, որոշակիորեն անկախ էր: Հնարավո՞ր է' այդ հողի վրա եղած լինի սպանությունը:
- Ես ոնց էդ հարցին պատասխանեմ, եթե ինքն ա եղել, ինքն ա մտածել, կամ ինչ ա արել, ինչ չի արել: Ես իրա հետ չեմ տվել, չեմ առել, ես ոնց կարող եմ ասել' ինչ է արել, կամ ինչ էր ուզում անել:
- Այսօր գյուղում մեղադրում են Հանրապետականին սպանության մեջ, դա ինչպե՞ս եք գնահատում:
- Սխալ եմ գնահատում: Ոչ գյուղապետի ընտրությունների ժամանակ, ոչ նախագահական, ընդհանրապես ինքն էդ հարցի մեջ ոչ եղել ա, ոչ էլ քաղաքական ինչ-որ հարցի վերաբերյալ վեճ է եղել:
- Այդ դեպքում, ո՞նց կարող էր նման սպանություն լինել, այն էլ' օրը ցերեկով:
- Ես հո դերվիշ չեմ կամ դատախազ չեմ, որ էդ հարցին պատասխանեմ:
- Ձեզ հարցաքննե՞լ են ոստիկանությունում այս գործով:
- Այո՛, հարցաքննել են: Երեկ առավոտյան ժամը 11-ից հետո ինձ հարցաքննել են:
- Որպես գործով վկայի՞:
- Ես ի՞նչ վկա, եթե ես տանն եմ եղել, լսել եմ էդ լուրը:
- Պատրա՞ստ եք մասնակցել գործով հետաքննությանը:
- Միշտ էլ պատրաստ եմ, ոչ մի վախենալու բան չունեմ, ես արդար, մաքուր եմ: Էդ բամբասանքները չի նշանակում, որ ես կարող ա քաշվեմ կամ վախենամ, կամ եսիմ ինչ: Բոլոր ժողովուրդն էլ ինձ ճանաչում են, ես շփվում եմ, էնպես չի, որ չեմ շփվում:
- Ձեր կարծիքով' այս գործը կբացահայտվի՞:
- Աստված տա, 5 րոպեից բացահայտվի, իմանան' ով ա, ինչ ա: