Հարցազրույց Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ:

-Ազգային ժողովի ապրիլի 8-11-ի քառօրյայում քննարկվելու է մարտի 1-2-ի դեպքերին առնչվող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ-ի օրենսդրական  նախաձեռնությունը: Կարծում եք` խորհրդարանը կո՞ղմ կքվեարկի հանձնաժողովի ստեղծմանը:

-Քանի որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները կողմ են արտահայտվել, ես ակնկալում եմ, որ հարցի ներկայացումից հետո Ազգային Ժողովը պետք է ստեղծի ժամանակավոր հանձնաժողով: Դա նաեւ հասարակության պահանջն է: Ի վերջո, այս հանձնաժողովը բավական կարեւոր խնդիրներ է դրել իր առջեւ.  նպաստել մարտի 1-2 դեպքերի 10 սպանությունների բացահայտմանը, պարզել հանգամանքները, որոնց արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ մարմնական վնասվածքներ ստացան: Կա նաեւ ԵԽԽՎ-ի գրեթե բոլոր բանաձեւերում անկախ քննություն անցկացնելու պահանջը, ԵՄ-ի` վերջերս ընդունած բանաձեւը: Այսպիսն է իրավիճակը: Կան բոլոր քաղաքական ուժերի հրապարակայնորեն արված կողմ դիրքորոշումները, եւ ես հույս ունեմ, որ բոլոր քաղաքական ուժերը իրենց այդ հայտարարությունների տերը կլինեն:

-Ասացիք` կա հասարակական պահանջ. ինչպե՞ս է այդ պահանջը դրսևորվում:

-Ո՞նց եք ուզում դրսևորվի: Բոլոր մասսայական միջոցառումների ժամանակ խնդիրը բարձրացվում է: ՀԱԿ-ը 5 տարի շարունակ այդ հարցը հնչեցրել է ներքաղաքական միջոցռումներում, եվրոպական ատյաններում, զոհվածների ծնողները մինչև հիմա պայքարում են, կան Եվրոպական դատարան հասած նրանց բողոքները: Այնպես որ,  հարցը ակտուալ է թե երկրի ներսում, թե դրա սահմաններից դուրս:

-Մարտի 1-2-ի գործով մի հանձնաժողով Ազգային ժողովում արդեն գործել է: Չունե՞ք մտավախություն, որ դրա նկատմամբ հասարակական վերաբերմունքը կտարածվի  նաև նոր հանձնաժողովի վրա:

-Այս հանձնաժողովների միջև, իհարկե, կարելի է գտնել ընդհանրություններ, բայց  տարբերությունները շատ ավելի մեծ են: Մեր հանձնաժողովի խնդիրը  մինչև այսօր իրավապահ մարմինների, ՀՔԾ-ի, Դատախազության կողմից այդ դեպքերին տված գնահատականների օրինականությունն ու հիմնավորվածությունը պարզելն է:  

-Ինչպե՞ս կընթանա քննարկումը դահլիճում. կարծում եք՝ կքաղաքականացվի՞:

-Նախագիծը պետաիրավական հանձնաժողովում ներկայացնելիս ես որևէ քաղաքական շեշտադրում չեմ արել: Հիմա էլ հակված ենք խոսել զուտ մասնագիտական-իրավական տեսանկյունից: Մարտի 1-ը ընդհանրապես քաղաքական թեմա է, եթե տուրք տանք դրան ու քաղաքական կողմը քննության առարկա դարձնենք, գործը դրանից չի շահի:

-Ակնհայտ է, որ առանց մեծամասնության համաձայնության` հնարավոր չէր լինի մարտի 1-ի հարցը դարձնել քննարկման առարկա. ըստ Ձեզ` ինչո՞վ էր պայմանավորված մեծամասնության այս դիրքորոշումը: 

-Այդ հարցը ինձ իզուր եք տալիս, որովհետեւ ես դրա պատասխանը չունեմ: Հիմա այդ դրական դիրքորոշման մասին խոսելը ինձ դեռ վաղաժամ է թվում: Մինչեւ Ազգային ժողովը կողմ չքվեարկի հանձնաժողովի ստեղծմանը, շուտ է խոսելը:

-Բայց Դավիթ Հարությունյանը խոստացել է, որ մեծամասնությունը կողմ կքվեարկի, ինչո՞ւ եք կասկածում:  

-Ոչ միայն Դավիթ Հարությունյանը, այլեւ Ազգային ժողովի նախագահն է խոստացել: Այսուհանդերձ, ես ուզում եմ տեսնել արդյունքը եւ դրանից հետո միայն գնահատական տալ: Որովհետև կարևոր է, թե հանձնաժողովը ինչպիսի լիազորություններով է ստեղծվում: Եթե պահպանվի այն տեքստը, որն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը, իմ գնահատականը կլինի դրական: Կարևոր է նաև հանձնաժողովի գործունեության համար նորմալ մթնոլորտի ապահովումը:

-Շուտով կլրանա 1 տարին, որ Դուք խորհրդարանում եք, ինչպես եք գնահատում օրենքների ստեղծման գործընթացը:

-Ասեմ շատ գոհ եմ օրենսդրական աշխատանքի բնույթից ու ընթացքից, այդպես չէ: Ես ցավ եմ ապրում, որ ԱԺ-ի օրենսդրական ներուժը բավավական համեստ է. մեղմ բառ եմ օգտագործւմ: Հիմնական նախաձեռնությունները պատկանում են կառավարությանը, շատ հաճախ էլ դրանք որևէ կապ չունեն հասարակության խնդիրների հետ, ու մենք ժամեր ենք ծախսում իմ տեսանկյունից ոչ կարևոր այս խնդիրների վրա: Ինչքան էլ 2005-ի Սահմանադրությամբ ընդլայնվեցին Ազգային ժողովի լիազորությունները, դրա դերակատարումը, միևնույն է, չբարձրացավ: Օրենսդիր մարմինը ինքը չի որոշում, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ինչ ուղղություններով պիտի զարգանա, և որ ուղղությամբ ինչպիսի շեշտադրումներ պիտի կատարվեն:   Առանձին մի լծակ էլ լսումներն են, բայց չեմ տեսնում, որ ակտուալ որևէ հարցի շուրջ լսում կազմակերպվի: Լսում ենք անկախ մարմինների հաշվետվությունները, բայց այդքանով էլ ավարտվում են: Դրանց բովանդակային կողմը մենք չենք դիտարկում, ընդամենը կողքից դիտող ենք: ԱԺ-ն պիտի ավելի ակտիվ ու անկաշկանդ գործադրի իր վերահսկողական լծակները:

-Կարելի՞ է ասել, որ  օրենսդրական գործունեությունը Ձեր սրտով չէ:

-Ընդհակառակը: Ինքնագովեստ չլինի, 90-ականներից, երբ ես մտել եմ ծառայության Արդարադատության նախարարություն, իմ հիմնական, լուրջ ոլորտներից մեկը եղել է օրենսդրական աշխատանաքը: Առաջին դատաիրավական բարեփոխումների հայեցակարգի հեղինակն եմ եղել, աշխատել եմ բազմաթիվ աշխատանքային խմբերում, Սահմանադրության աշխատանքային խմբում, Դատախազության, Սահմանադրական դատարանի, Արդարադատության խորհրդի մասին օրենքների վրա: Ես նաև ներկայացրել եմ այդ օրենքները Ազգային Ժողովում, այնպես որ` այս աշխատանքը ինձ համար խորթ չէ:

-Բայց այն ժամանակ Դուք ազդեցություն ունեիք, հիմա չունեք:

-Ես իմ կարծիքը բացահայտ ասում եմ, ուրիշ բան է` հաշվի առնում են, թե չէ: Բայց սա չէ խնդիրը: Ազգային ժողովի մեծամասնությունը, չհաշված առավելագույնը 10 պատգամավորի, չեն հետաքրքրվում օրենսդրական նախագծերով, գալիս են ԱԺ միայն քվեարկելու համար: Ի վերջո` մեր խնդիրների խնդիրը վատ օրենքները չեն. դրանք կատարելագործվում են, անցնում փորձաքննություններ: Խնդիրը դրանց չկիրառումը կամ խտրական կիրառումն է:

-Ապրիլի 9-ին տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Հայտնի է, որ ՀԱԿ-ը դրան չի մասնակցելու, իսկ քննարկե՞լ եք Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կամ նոր Հայաստանի երդմնակալության արարողությանը մասնակցելու հարցը:

-Մենք այդ շարժմանը ֆորմալ չենք միացել, որևէ հայտարարություն չենք արել: Մեր շատ անդամներ եղել են հրապարակում, բայց որպես ՀԱԿ-ի տեսակետ` մենք ոչինչ չենք ներկայացրել, չեմ կարծում, որ մենք այդ հարցը պիտի քննարկենք ֆրակցիայում: Ես այդ հրապարակային պայքարի մեջ տրամաբանական գործողությունների շղթա չեմ տեսնում: 

Աղբյուրը` parliamentmonitoring.am