ՀՀ գյուղատնտեսության ոլորտում իրավիճակը գնալով ավելի ողբերգական է դառնում: Այո՛, հենց ողբերգական, քանի որ դժվար է այլ բառով նկարագրել բազմաթիվ գյուղացիների այսօրվա վիճակը, ովքեր հսկայական վարկեր են վերցրել բանկերից՝ ակնկալելով իրացնել իրենց արտադրանք, սակայն հուսախաբվել են:

Երեկ, այսօր, վաղը գյուղացիները տասնյակ տոննա վարունգ են նետում աղբանոց՝ չգտնելով իրացման ոչ մի հնարավորություն: Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, YerevanNews.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզի Գեղակերտ (Սամաղար) գյուղի գյուղապետ Սերյոժա Առաքելյանն ասում է.

- Ոչ թե 5 տոննա, այլ 50: Տոննաներով բերքը թափել են և շարունակելու են թափել աղբանոց: Վարունգ դեռ շատ կա, նոր է դուրս գալիս:

Հարցին, թե գյուղատնտեսության նախարարությունից կամ մարզպետարանից արձագանքում են արդյոք խնդրին, գյուղապետը պատասխանեց.

- Զանգում են, տալիս են մթերող կազմակերպությունների համարներ: Մենք զանգում ենք՝ հրաժարվում են: Ուրիշ տեսակի օգնություն չկա: Իրենք կապնվում են մթերող ընկերությունների հետ համաձայնություն են տալիս, մենք են զանգում՝ արդեն համաձայն չեն լինում: Ասում են արդեն ընդունել ենք:

Տվել են Պռոշյանի, Ջրվեժի և մի քանի այլ գործարանների համարներ, սակայն դրանք փոքր գործարաններ են: Նրանք քիչ քանակությամբ են մթերում: «Արտֆուդ»-ի, «ՄԱՊ»-ի նման կազմակերպությունները չեն մթերում: Հրաժարվել են: Անընդհատ էլ զանգում ենք, դիմում ենք, չեն ուզում: Ուրիշ տարիներին արտահանման առաջարկներ էին լինում, իսկ այս տարի բացարձակապես հնարավորություն չկա:

Գյուղապետը նշեց նաև, որ նույն իրավիճակն էլ կողքի գյուղերում է, միայն իրենք չեն:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը որոշ ժամանակ առաջ գյուղացիներին անձամբ էր խորհուրդ տալիս վարունգ ցանել, իսկ այժմ ո՞վ է պատասխան տալու այս իրավիճակի համար: Ո՞վ է մարելու գյուղացիների ունեցած պարտավորությունները բանկերի առջև: 

Հուսանք, հանրությունը երկար չի սպասի այս հարցերի պատասխանին:

Նշենք, որ Արտֆուդ ընկերության գլխավոր տնօրենքը նախարարի որդին է՝ Վաչագան Սերգոյի Կարապետյանը:

Լուսանկարը՝ Կարեն Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից: